08/05/2018 16:06
Միշտ էլ ասվել է, որ առանց Արցախի անհնարին է ԼՂ հակամարտության կարգավորումը. Դավիթ Բաբայանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պատրաստ է բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Նա նաև նշեց, որ բանակցությունները չեն կարող լիարժեք ու արդյունավետ համարվել` քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը` Արցախի ղեկավարությունը։
Aysor.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, նշեց, թե իրենք միշտ էլ ասել են, որ անհնարին է հակամարտության կարգավորումն առանց Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության և այդ ձևաչափի վերականգնմանը.
«Տեսնենք, աշխատում ենք այս ուղղությամբ արդեն տարիներ շարունակ, կաշխատենք այսուհետ ևս։ Եթե ստացվի, բնական է, շատ լավ կլինի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանն, ըստ ամենայնի, խոչընդոտելու է այդ գործընթացին, բայց այլ տարբերակ պարզապես չկա»։
Դավիթ Բաբայանը նշեց, թե ուշ թե շուտ բանակցային այդ ձևաչափը վերականգնվելու է, բայց դրա համար պետք է աշխատանք, ժամանակ, համառություն և ամեն ինչ նորմալ կլինի։
Հարցին, թե հավանական համարու՞մ է, որ մոտ ապագայում կլինի Արցախի մասնակցությունը բանակցություններին, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ժամանակը ցույց կտա։ Մեզ միշտ էլ այս ուղղությամբ օգնել է մայր Հայաստանը»։
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 9-ին կմեկնի Արցախ։
«Լսել ենք, որ գալիս է։ Կգան, կդիմավորենք և կարծում ենք, որ Հայաստանի նորընտիր վարչապետը կմասնակցի տոնական միջոցառումներին», - ասաց Դավիթ Բաբայանը։