08/05/2018 13:03
Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, բայց բանակցությունները լիարժեք չեն, քանի դեռ դրանց չի մասնակցում Արցախը. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղյան խնդրի խաղաղ, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Կենսական է Արցախի ժողովրդի իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի իրացման միջազգային ճանաչումը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պատրաստ է բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ.
«Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ` որպես հիմք ունենալով վերը նշված սկզբունքային դիրքորոշումը: Հարկ եմ համարում, սակայն, ընդգծել, որ բանակցությունները չեն կարող լիարժեք ու արդյունավետ համարվել` քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը` Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992թ. մանդատով», - ասաց Նիկոլ Փաշինյանը: