08/05/2018 13:32
Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի ընտրության երկրորդ փուլում այսօր՝ մայիսի 8-ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ, Հայաստանի վարչապետ ընտրվեց պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա թեկնածության օգտին կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:
Համաձայն Սահմանադրության՝ խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նախագահը: Դրանից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նախարարների և իր տեղակալների թեկնածուներին, որոնց նշանակման մասին տեղեկանքը ստորագրում է նախագահը 3-օրյա ժամկետում:
Նշենք, որ վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 1-ին, երբ ԱԺ Հանրապետական խմբակցությունը դեմ քվեարկեց թեկնածուին: Այս անգամ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և նաև խորհրդարանական խմբակցության որոշմամբ, վարչապետի թեկնածուին կողմ քվեարկեցին խմբակցության անդամ այն պատգամավորները, որոնք հիմնականում ներկայացված են գործարար հատվածում: Հանրապետական խմբակցության քաղաքական թիմը ինչպես մայիսի 1-ին, այնպես էլ այսօր դեմ քվեարկեց առաջադրված թեկնածուին: