10/05/2018 15:57
Մենք «կապրիզնի» ընդդիմություն չենք լինելու, բայց կառավարության կցորդն էլ չենք, որ ինչ ուզի՝ մենք էլ անենք. Էդուարդ Շարմազանով
Ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի ու իր թիմի աշխատանքը, կհամաձայնե՞ն ՀՀԿ-ականներն աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, կհրաժարվե՞ն արդյոք Ազգային ժողովի նախագահությունից և ինչպե՞ս են պատրաստվում քվեարկել նոր կառավարության ծրագրին. այս և այլ հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
- Պարոն Շարմազանով, Կարեն Կարապետյանի ու իր թիմի կառավարության աշխատանքն ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ն։
- Եթե մենք Կարեն Կարապետյանի թիմի աշխատանքը վատ գնահատեինք, մենք Կարապետյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում չէինք առաջադրի։ Հիմա ՀՀԿ-ի գնահատականներում ոչ մի բան չի փոխվել. մենք ասել ենք, ներկայացրել ենք և տնտեսական աճը, և ներդրումների ավելացումը, և բարենպաստ միջավայրը։ Բավականին դրական դիինամիկա կա։ Ես այն գործիչներից չեմ, որ քաղաքական իրադարձությունների փոփոխության հետ փոխում են իրենց սկզբունքներն ու կարծիքները։ Ինչ ասել եմ Կարեն Կարապետյանի կառավարության մասին այս տարիների ընթացքում, մնում եմ իմ կարծիքին, ոչ թե նրա համար, որ հայտնի կենդանու համառությամբ չեմ ուզում փոխել իմ կարծիքը, ոչ, պարզապես սա իմ համոզմունքն է և ժամանակը բոլորին, ամեն մեկին կդնի իր արժանի տեղը։
- Հայտարարվում է, որ նոր կառավարությունում նպատակահարմար չեք գտնում, որ ՀՀԿ-ից մարդ լինի։ Եթե Փաշինյանի կողմից առաջարկ լինի, ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ-ի արձագանքը։
- Գիտեք ինչ կա, կա քաղագիտական նորմ. եթե դու ընդդիմություն ես, դու չես մասնակցում կառավարության ձևավորմանը: Հիմա ՀՀԿ-ն իր օրակարգում Փաշինյանի կառավարության գործունեության քաղաքական պատասխանատվություն չի դիտարկում: Սա է խնդիրը: Այստեղ որևէ անձնական խնդիր չկա: ՀՀԿ-ն բաց բաժնետիրական ընկերություն չի, ոչ էլ ՍՊԸ: ՀՀԿ-ն կայացած քաղաքական կուսակցություն է իր գաղափարախոսությամբ, իր անցած ճանապարհով, իր ծրագրով, իր ճշտով ու սխալով, իր ձեռքբերումով ու թերությունով, բայց կուռ գաղափարական թիմ է, որն ունի ծրագիր՝ ի տարբերություն որոշ ուժերի ու գործիչների, ովքեր նշում են, որ իրենք որևէ գաղափարախոսության չեն հարում: Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, մենք շարունակելու ենք մեր ծրագրին հետևելով իրականացնել մեր գործունեությունն արդեն այլ կարգավիճակում։ Մենք պատասխանատու չենք Փաշինյանի կառավարության գործունեության համար։ Մեր երկրում ընդդիմություն պետք չի՞։ Մենք ո՞ւր ենք գնում՝ դեպի դեմոկրատիա՞, թե՞ դեպի դիկտատուրա։ Ուզում են բոլորս ծափահարենք կառավարությանը. լավ կաշխատեն՝ կծափահարենք, վատ կաշխատեն՝ կներկայացնենք թերությունները։
- Կուսակցականները շարունակում են լքել ՀՀԿ-ն։ Ինչպե՞ս եք պատկերացնում խմբակցության աշխատանքն Ազգային ժողովում։ Կմնաք նույն մեծ կազմո՞վ, թե՞ էլի դուրս եկողներ կլինեն։
- ՀՀ նորագույն պատմության ընթացքում աննախադեպ քաղաքական բան տեղի ունեցավ. երբ կուսակցությունը զրկվեց իշխանությունից, երբ կուսակցության առաջնորդը հրաժարական տվեց, կուսակցությունն իր գործունեությամբ ու իր քվեարկությամբ ապացուցեց, որ մեծամասամբ ու հիմնականում միասնական է: Բացեք ՀՀՇ-ի պատմությունը, մնացածներինը նայեք: 100 և ավելի հազարանոց կուսակցություն է, որ մի քանի հոգի էլ դուրս գան, դրանից հեղափոխությունը չի տուժի։ Ով գնում է՝ Աստված իր հետ։ ՀՀԿ-ն դեռ անելիք ունի ու բոլոր նրանք, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, չարաչար սխալվում են։
- Պարոն Շարմազանով, շատ է խոսվում, որ ՀՀԿ-ին ձեռնտու չի լինի ընտրություններ անցկացնելը, մինչդեռ, խոսվում է դրա անհրաժեշտության մասին: Այսօր նաև ՀՀ առաջին նախագահը խոսեց ընտրությունների գնալու մասին։ ՀՀԿ-ն պատրա՞ստ է գնալ ընտրությունների։
- Նախ, ՀՀԿ-ում չի քննարկվել արտահերթ ընտրությունների հարցը, որովհետև քաղաքական մնացած ուժերն էլ դեռ չեն քննարկել այդ հարցըը: Օդում հայտարարություններ են, կոնկրետ որևէ առաջարկ չկա: Երկրորդ՝ արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չէ, որ ով երբ, ոնց ուզի կազմակերպի։ Կա Սահմանադրություն և այդ Սահմանադրությամբ պետք է շարժվենք, սա է խնդիրը: ՀՀԿ-ին ձեռնտու է, ձեռնտու չի... այդ ինչո՞ւ, ՀԱԿ-ին ձեռնտու՞ է, կամ «Ծառուկյան դաշինքին» ու նույն Նիկոլին ձեռնտո՞ւ է։ Ով է որոշում ինչն է ՀՀԿ-ին ձեռնտու, ինչը՝ չէ։ ՀՀԿ-ին ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է Հայաստանին, ի տարբերություն շատ ուժերի, որոնց համար առաջնային է միայն իրենց քաղաքական շահը։ Գոնե հիմա մարդիկ պետք է խիզախություն ունենան ու ասեն, որ այս ամեն ինչի մեջ, էս համերաշխություն որ ասում են, անցնցում իշխանափոխության, նախ և առաջ մեծ է ՀՀԿ-ի ու պետության, վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ դրական դերակատարումը։ Դեռ ժամանակ կլինի դրա մասին խոսել, այնքան խղճի ազատություն, այնքան քննադատությունը լսելու կարողություն, ինչքան ունեցել է Հանրապետականը, Աստված տա, թող նոր իշխանությունն ունենա, մի բան էլ ավել: Ունենա՝ կծափահարենք, չունենա՝ բազմակետ։
- Գործադիրի անդամները շարունակում են հրաժարական տալ, բայց դուք, Արա Բաբլոյանը, Արփինե Հովհաննիսյանը շարունակում եք ղեկավարել Ազգային ժողովը։ Սպասե՞նք ձեր հրաժարականներին։
- Պետք չի խառնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը։ Ժողովրդավարական երկրներում կա իշխանությունների տարանջատման սկզբունք։ Գործադիր իշխանությունը ձևավորում է Նիկոլ Փաշինյանը և միանգամայն քաղաքական տրամաբանության մեջ է, երբ մեր գործընկերները հրաժարական են ներկայացնում, որովհետև կառավարության ձևավորման գործընթացում մենք մեզ չենք պատկերացնում, բայց օրենսդիր մարմինը կառավարության կցորդը չէ։ Էդուարդ Շարմազանովը կամ Արա Բաբլոյանը իրենց ցանկությամբ չեն եկել այդ պաշտոնին, առաջադրել է կուսակցությունը, ընտրել են պատգամավորները։ Եթե իմ կուսակցությունը առաջարկ ներկայացնի, նույնիսկ ակնարկի, որ ես պետք է հրաժարական տամ, քավ լիցի, ես իմ պաշտոնից ոչ կառչած եմ, ոչ էլ պաշտոնի գերի եմ, որևէ խնդիր չկա, նույն վայրկյանին դիմումս կգրեմ։ Եթե իրենք ուզում են ամեն ինչ իրենց սրտով լինի, իրենց ծրագրով լինի, դրա համար թող գնան արտահերթ ընտրությունների։ Մենք կառավարության կցորդը չենք, որ կառավարությունն ինչ ուզի, մենք էլ անենք։
- Ինչպիսի՞ն է լինելու ՀՀԿ-ի դիրքորոշումը Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրին։
- ՀՀԿ-ն որևէ որոշում Փաշինյանի ծրագրի հետ կապված չունի ու չի էլ կարող ունենալ, քանի որ ՀՀԿ-ն դեռևս ոչ ֆրակցիայի, ոչ էլ գործադիրի նիստ չի արել: Մեր վերջին նիստը եղել է մայիսի 7-ին։ Մենք չեն հավաքվել, չենք քննարկել։ Կարող եմ ասել, որ մեզ համար առաջնահերթությունը լինելու է Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը, բանակի հզորացումը, բանակցային դիրքերում մեր որևէ հետքայլ չհանդուժելը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում որևէ հետքայլ չհանդուրժելը, Հայաստանի նախաձեռնող քաղաքականությունը և Ռուսաստանի հետ, և ՀԱՊԿ-ի հետ, և ԵԱՏՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Եթե Փաշինյանի կառավարությունը լավ օրենսդրական ծրագիր բերի, մենք չպետք է դեմ քվեարկենք, որ մենք ընդդիմություն ենք, ոչ, մենք «կապրիզնի» ընդդիմություն չենք լինելու, մենք լինելու ենք գաղափարական ծրագրային ու լուրջ ընդդիմություն, որի յուրաքանչյուր խոսք ու քվեարկություն լինելու է հիմնավորված։
- Սերժ Սարգսյանն ասել էր, որ պետք է քննարկվի կուսակցության նախագահի փոփոխության հարցը։ Կա՞ քննարկում այդ թեմայի շուրջ։
- Կուսակցությունը դեռևս նման հարց չի քննարկել, մեր նախագահն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է այս պահին։