10/05/2018 21:50
Հայաստանը հակամարտության կողմ չէ. Շարմազանովը Փաշինյանին հորդորում է շրջահայաց լինել հայտարարություն անելիս
Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում երբեք չի եղել ու չկա որպես հակամարտության կողմ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է:
«Որևէ միջազգային փաստաթղթում Հայաստանը որպես հակամարտության կողմ չի դիտարկվում, այդ թվում, նաև ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձևերում», - ասաց Է.Շարմազանովը:
Նա նշեց, որ սա տարածքային հակամարտություն չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
«Պարոն վարչապետի այս հայտարարությունը չեմ կարծում, որ ամրապնդում է մեր բանակցային դիրքերը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն են հակամարտության կողմեր, այլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Մարդու իրավունքների պաշտպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման համար պայքարի գործընթաց է», - ասաց Է.Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանն այս գործընթացում, այս բանակցություններում հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ` որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:
«Ես հորդորում եմ, առաջարկում եմ պարոն վարչապետին հայտարարություններ անելուց առաջ ավելի շրջահայաց լինել: Մեր շահերից է բխում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բանակցություններում հաջողի։ Ես կլինեմ առաջին երջանիկը, որ թե Արցախյան հիմնահարցում, թե Ցեղասպանության ճանաչման գործում, թե ներքին քաղաքականության մեջ այն, ինչ որ ասել է ինքը, հաջողի», - ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա, սակայն, ընդգծեց, որպեսզի հաջողի՝ պետք է լինել շատ զգուշավոր հայտարարությունների մեջ:
«Չանենք հայտարարություններ, որոնք այդ կոնֆլիկտի հետ որևէ կապ չունեն և կարող են թուլացնել Հայաստանի ու Արցախի բանակցային դիրքերը, սա է խնդիրը», - ասաց ՀՀԿ խոսնակը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց` Հայաստանը հակամարտության կողմ չի եղել ու չկա:
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության բանակցություններին վերադառնալուն` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մեկ անգամ չէ, որ իրենք այդ մասին ասել են:
«Էդվարդ Նալբանդյանն է ասել, որ չի եղել մի հանդիպում, որտեղ մենք չենք պնդել, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ։ Ավելին, համանախագահ երկրների ներկայացուցիչները Երևանում բազմաթիվ անգամներ նշել են, որ առանց Արցախի մասնակցության անհնար է լուծել։ Հիմա Փաշինյանին կհաջողվի՞ վերադարձնել Արցախին բանակցություններին կողմ... եթե հաջողվի, ես դրանում միայն ուրախ կլինեմ, կծափահարեմ ու կսատարեմ», - ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բանակցություններում Փաշինյանին ու նրա թիմին միայն ու միայն հաջողություն է մաղթում:
«Եթե դա պետք է մոտեցնի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, մենք էլ, որպես ՀՀԿ-ականներ, ես, որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, և Հայաստանում, և միջազգային բոլոր վեհաժողովների իմ հանդիպումներում շարունակելու եմ կրկնակի եռանդով պաշտպանել Արցախի ժողովրդի արդար դատը, խոսել արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման, ինչպես նաև շարունակել քայլերը Ցեղասպանության դատապարտման ուղղությամբ։ Շուտով, ընդամենը մի շաբաթից հետևեք մեր գործողություններին Եվրոպական տարբեր երկրներում», - հավելեց Էդուարդ Շարմազանովը: