11/05/2018 12:09
Հարցը Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը չի վերաբերում, նախարարի պաշտոնը լքելու մտադրություն վաղուց կար. Վահան Մարտիրոսյան
Ոչ թե չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել, այլ ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում շարունակել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:
«Իմ ցանկությունն այսօր չէ, որ առաջացել է, վաղուց կար: Հարցը Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը չի վերաբերում: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, բայց գտնում եմ, որ ավելի շատ օգուտ կարող եմ տալ Հայաստանին ու պարտադիր չի նախարարի պաշտոնում», - նշեց նա:
Դիտարկմանը, թե մինչև այդ կարող էր փորձել օգուտներ տալ, Մարտիրոսյանը հակադարձեց.
«Կարող էի ու մինչև դա արել եմ: Եթե հիշում եք՝ ինչպիսին էր 10 տարի առաջ ինտերնետի վիճակը Հայաստանում և այսօր, ես իմ լուման ունեցել եմ»:
Դիտարկմանն՝ արդյոք մտադիր է նաև Հանրապետական կուսակցությունը լքել, Մարտիրոսյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա»: