12/05/2018 14:04
Միայն «Շիրակի» ղեկավար մարդուկն է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում. Ռուբեն Հայրապետյան
Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև «Շիրակ» ակումբի շուրջ ստեղծված սկանդալից։
«Շատ ցավում եմ, «Շիրակն» ինձ համար միշտ կարևոր ֆուտբոլային ռեգիոն է եղել, ես միշտ էլ գնահատել եմ այդ ակումբի կարևորությունը: Ես ուզում եմ «Շիրակի» բոլոր երկրպագուներին հավաստիացնել, որ իրենց ու ակումբի դեմ որևէ բան չունեմ: Մենք փորձելու ենք աջակցել այդ ակումբին», - ասաց նա։
Նա ընդգծեց, որ միայն «Շիրակ» ակումբի ղեկավարն է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում։
«Եթե ուշադրություն դարձնեք, մենք ունենք 6 ակումբ, որոնցից միայն «Շիրակի» ղեկավար այդ մարդուկն է քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ակումբ պահում», - ասաց նա
Հիշեցնենք՝ «Շիրակ» ակումբի ղեկավարը ԱԺ պատագամավոր Արման Սահակյանն է։
« «Բանանց» ակումբը ներկայացրել է բողոք: Ի՞նչ է, ՀՖՖ-ն կամ կարգապահական կոմիտեն պետք է ընթացք չտա՞ր: Մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ իրավապահ մարմիններին չենք դիմել: Թող ոստիկանությունը քննի, եթե կգտնեն հանցագործության տարրեր, թող պատժեն: ՀՖՖ-ն ոստիկանության հետ համագործակցող կառույց չէ: Մենք հայտարարություն ենք տարածել, թող զբաղվեն», - ասաց Ռ. Հայրապետյանը։
Նա շեշտեց, թե կարգապահական կոմիտեն տվել է մաքսիմում մեղմ պատիժ:
Հիշեցնենք՝ մայիսի 5-ին կայացել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը դիմում էր ներկայացրել ՀՖՖ՝ կազմակերպված խաղի մասին տեղեկություններ տրամադրելով:
«Հարցը ներկայացվեց Կոմիտեի նախագահ՝ Ռ.Սինոյանի կողմից: Նա հայտնեց, որ Բանանց ՖԱ-ն 04.05.2018թ. ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց /դիմումը կից ներկայացված է/ և տեղեկացրել է, որ իրեն Շիրակ ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի Բանանց-Շիրակ հանդիպման ժամանակ:
Նշվում էր նաև, որ Արարատ Հարությունյանին պետք է ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ Շիրակ ՖԱ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: