12/05/2018 15:59
Ձախ Հարութը չի հոսպիտալացվել. Երգչի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը՝ միջադեպի մասին
Օրերս ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում տեղի ունեցած համերգին Հարութ Փամբուկչյանի ելույթի ժամանակ հանդիսատեսից ոմանք բոյկոտ հայտարարեցին՝ թիկունքով շրջվելով դեպի երգիչը: Բոյկոտողները կրում էին Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ շապիկներ:
Այդ մասին համերգասրահից դուրս գտնվող հանրությունը տեղեկացավ us_armenians էջի Instagram-յան սոցիալական ցանցից, որտեղ անմիջապես իրավիճակը պատկերող տեսանյութ հայտնվեց:
Բոյկոտի պատճառը նախորդ տարի ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ընթացքում Ձախ Հարութի խոնարհումն էր ՀՀԿ վերնախավի առջև: Ու թեև երգիչն ու նրա մտերիմները բազմիցս են անդրադարձել այդ թեմային՝ նշելով, որ համերգների ժամանակ նա մշտապես խոնարհվում է հանդիսատեսի առջև, այնուամենայնիվ, կրքերը այս թեմայի շուրջ պատեհ առիթի դեպքում թեժանում են:
Գլենդելյան միջադեպից հետո համացանցում պարբերաբար տեղեկություններ են տարածվում, թե Հարութ Փամբուկչյանի ինքնազգացողությունը վատացել է, ու վերջինս ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Aysor.am-ի հետ զրույցում երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը հերքեց հոսպիտալացվելու մասին լուրերը:
«Հարութ Փամբուկչյանի հետ ես պարբերաբար կապի մեջ եմ: Համերգասրահից նյարդայնացած դուրս գալուց մոտ 30 րոպե անց զանգեց ինձ, ծիծաղեցինք նման պահվածքի վրա, անցավ գնաց… Միասին որոշեցեինք, որ պետք չէ այդ աղջկան (նկատի ունի us_armenians-ի խմբագրին՝ հեղ.) պաատասխանել ու ճանաչման հասցնել, ինքն իրենով մի օր խելքի կգա երևի… Ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխվելուն՝ նման բան չկա: Նա շատ առողջ է, Աստված իրեն երկար տարիների կյանք տա, շարունակի երգել ու իր սերը տարածել ժողովրդին: Իսկ ովքեր ֆեյսբուքում դառնում են «հերոսներ»՝ ատելություն սփռելով, խորհուրդ կտամ կիրակի օրերը գնան Հայ առաքելական եկեղեցի, մասնակցեն Սուրբ Պատարագին, ու միգուցե մարդ դառնան», - նշեց Խաչիկ Եղոյանը: