14/05/2018 18:55
ՀՀԿ-ականներին չսպասարկելու աղմկահարույց կոչի հեղինակ բժիշկը փակագծեր է բացում
Հայաստանի Հակացավային և Պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հրանտ Կարապետյանը քաղաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես ԱԺ-ում վարչապետի ընտրության մայիսի 1-ի քվեարկությունից հետո, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, թե հրաժարվում է բժշկական սպասարկում կատարել Հանրապետական կուսակցության անդամներին։
Այս գրառումը տարբեր մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել։
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Aysor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով բժիշկ Հրանտ Կարապետյանի հայտարարությանը, նշել էր. «Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում կգտնվեն բժիշկներ, ովքեր, ելնելով քաղաքական իրավիճակից, կդավաճանեն իրենց կոչմանը»։
Aysor.am-ի հետ զրույցում Հրանտ Կարապետյանն այսօր ներկայացրեց գրառման վերաբերյալ իր մեկնաբանությունը։
«Իմ գրառման մեջ չեմ նշել, թե պետք չէ սպասարկել ՀՀԿ-ականներին։ Ես նշել եմ, որ ես հրաժարվում եմ բժշկական սպասարկում կատարել Հանրապետական խմբակցության անդամներին։ Հրապարակումն արել եմ մայիսի 2-ին, քանի որ մայիսի 1-ի իրենց քվեարկությունը համարել եմ, որ խորիմաստ վերաբերմունք չէր Հայաստանի այսօրվա իրավիճակին։ Դա ոջլոտության մի տեստ էր, ինձ հետաքրիր էր տեսնել, թե շրջապատս ինչ է մտածում, քանի որ հարցեր կան, որոնք երկար տարիներ լուծում չեն գտնում», - ասաց Հրանտ Կարապետյանը։
Բժշկի խոսքով՝ այդ հարցերի լուծում չգտնելու պատճառով է, որ այսօր բժիշկները հնարավորություն չունեն Հիպոկրատի երդումը կատարել, ինչի մասին, նշվում է տարբեր մեկնաբանություններում։
«Ես զբաղվում եմ ամոքիչ (պալիատիվ) օգնությունով։ 2000 թվականից կյանքիս 17 տարիները դրել եմ, որպեսզի Հայաստանում այդ ծառայությունը կայանա։ Հայաստանում այսօր 3200-3600 հոգի օրական կարիք ունի պալիատիվ օգնության։ 2010 թվականին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարականով Հայաստանում պալիատիվ օգնության կարիքների գնահատման վերաբերյալ 113 էջանոց փաստաթուղթ ներկայացրինք նախարարին։
Դրանից հետո ստեղծվեց պալիատիվ օգնության ռազմավարությունը, կառավարության կողմից այն ընդունվեց։
Պալիատիվ օգնության բաժինը ուռուցքաբանության կենտրոնում բացված էր որպես ուսումնական կենտրոն, և Սերժ Սարգսյանը հանձնարարական տվեց այն ժամանակվա նախարար Դերենիկ Դումանյանին՝ անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի ստեղծված բաժինը կարողանա կատարել իր գործառույթներն ամբողջությամբ։ Դա ոչ մի արձագանք չունեցավ, և ընդդիմադիր մի թերթում հրապարակում եղավ «Սերժը ասեց, Դերոն չարեց» վերնագրով։ Դումանյանը զանգահարեց ուռուցքաբանության կենտրոն, հանձնարարեց շտապ միջոցներ ձեռնարկել, որ բաժինը բացված լինի։ Դա մարտի վերջն էր։ Բաժինը բացեցինք, ինչից հետո արդեն նախարարությունը հերքում տարածեց, թե թերթում հրապարակումը սխալ է եղել, բաժինը իբր բացված է եղել հունվար ամսից։ Դրանից հետո 3-4 տարի Ազգային անվտանգության խորհրդից հատուկ գալիս էին ստուգելու, թե նախագահի հանձնարարականն ինչպես է կատարվում, ամեն անգամ գրում էին, որ ոչ մի բան նորմալ չի կատարվում։ Իմ անձնական միջոցների հաշվին այդ բաժանմունքը պահում էինք։ Ես իմ հաշվին ինչքա՞ն կարող եմ այն պահել։ Տեսնելով, որ պետությունն իր խոսքին տեր չի կանգնում, ստիպված իմ անձնական միջոցների հաշվին կլինիկա բացեցի, որը մասնավոր հիմունքներով աշխատում է։ Կարիք ունեցող ամեն տասը հիվանդներից միայն մեկն է վճարունակ և մենք կարողանում ենք սպասարկել միայն այդ մեկին։
Մինչ այսօր լուծված չի պետպատվերի հարցը պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդներին։ Եվ մենք, փաստորեն, կատարում ենք մեր Հիպոկրատի երդումն ընդամենը 10 տոկոսի չափով։ Իսկ ինչու՞ անվճարունակ մարդիկ չպետք է կարողանան ստանա այդ օգնությունը, ի՞նչ է, Հիպոկրատի երդման մեջ գրած է սպասարկել միայն ունևորների՞ն։ Ու այսօր պետության գլխին կանգնած Ազգային ժողովի նախագահը Հիպոկրատի երդումից է խոսում։ Նախևառաջ, ոչ ես, ոչ ինքը մեր ժամանակ, երբ երդվել ենք, Հիպոկրատի երդում չի եղել, այն կոչվել է Սովետական բժշկի երդում։ Հիմա ո՞վ է Հիպոկրատի երդումը խախտում, ե՞ս, թե՞ իրենք, որ չեն կատարում ստանձնած պարտավորությունները», - հայտարարեց Հրանտ Կարապետյանը։
Նա ասաց, որ իր պատմածը հանրապետության մակարդակով ընդամենը փշուր է, մինչդեռ ըստ նրա, միլիոնավոր նման հարցեր կան, որոնք լուծում չեն ստացել։
«Հայաստանում ունենք պալիատիվ օգնության զարգացման ռեալ ծրագիր, որն իրագործելու պարագայում Հայաստանը երեք տարում կարող է ունենալ եվրոպական մակարդակի պալիատիվ օգնության ծառայություն։ Տարիներ շարունակ ծրագիրն ուղարկել ենք և՛ առողջապահության նախարարություն, և՛ կառավարություն։ Մինչ այսօր ոչ մի արձագանք չենք ստացել։ Հարևան Վրաստանում պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդների վճարի 70 տոկոսը հոգում է պետությունը։ Այնպես որ, թող չզարմանան Հանրապետականները, իրենք այսօր ուտում են այն, ինչ եփել են», - եզրափակեց բժիշկը։