14/05/2018 12:23
Երևանում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «Սառույցի արքաները» սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան
2018 թվականի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» (Սառույցի արքաները) սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում- մյուզիքլը սառույցի վրա: Սա միանգամայն նոր ձևաչափի համաշխարհային պրեմիերա է: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլև մարզիկների անգերազանցելի արտիստիզմը:
Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:
Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:
Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:
Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը: