15/05/2018 16:54
Աննա Հակոբյանը կշարունակի լինել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, ով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, չի պատրաստվում լքել թերթը և շարունակելու է լինել թերթի գլխավոր խմբագիրը։
«Ես կշարունակեմ լինել թերթի գլխավոր խմբագիր», - «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում հայտարարեց Աննա Հակոբյանը։
Հարցին, թե կքննադատի՞ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության գործունեությունը, Աննա Հակոբյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Մեր թերթը կքննադատի բոլորին, եթե այդ քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին»։
Աննա Հակոբյանն ուղիղ եթերում ասաց, որ ինքը շարունակելու է զբաղվել թերթով, քանի որ ամեն ինչից առաջ ինքը լրագրող է։
« «Հայկական ժամանակը» մեր թերթն է, և ընդհանրապես, մամուլը ինձ համար ամենակարևոր օղակն է՝ վերահսկելու ցանկացած իշխանության։ Բացի այդ, ամենակարևոր օղակն է, որը կօգնի ինձ աշխատել այս նոր կարգավիճակում։ Այնպես որ, թերթն ամեն ինչից առաջ է», - նշեց Հակոբյանը։
Մտավախությանը, թե թերթը կարող է դառնալ իշխանական մամուլ, Հակոբյանն արձագանքեց ժպիտով. «Ես չեմ կարող այդ մասին որևէ բան ասել։ Բայց կարող ենք այդ մասին խոսել մեկ կամ երկու ամիս անց։ Ես առնվազն երաշխավորում եմ, որ բոլորի համար թերթը բաց է լինելու, բոլորի համար թերթը հարթակ է ու որևէ սահմանափակում չի կարող լինել»։