16/05/2018 13:19
Խոչընդոտել ռեժիմի՞ն, որն անփառունակ մահացավ ժողովրդական ճնշման ներքո. Փաստաբանները միջնորդեցին ազատ արձակել «Սասնա ծռերին»
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում, որը նախագահում է դատավոր Մեսրոպ Մակյանը, 10 ամբաստանյալի փաստաբաններ միջնորդեցին փոփոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը և անհապաղ ազատ արձակել նրանց։
Փաստաբանները բոլորն էլ հայտարարեցին, որ քրեական գործով դատաքննության առաջնային փուլերն անցել են և իրենց պաշտպանյալները ազատության մեջ որևէ խոչընդոտ չեն ներկայացնի դատաքննությանը։
«Խոսքն այն մասին չէ, թե քանի որ մենք ապրում ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, թողեք բոլորը գնան իրենց տներ ու ապրեն երջանիկ։ Իրավական հիմնավորում ունի այս միջնորդությունը և այն առավել, քան հստակ է՝ նախկինում կայացվել են որոշումներ, որոնցով գտել են, որ առկա են կալանավորման հիմքեր այս խմբի անդամների պարագայում, գտել եք, որ ազատության մեջ գտնվելով՝ նրանք կարող են խոչընդոտել քննությանը։ Հարգելի դատարան, ինչն է փոխվել այս ընթացքում։ Փոխվել է ամենակարևորը՝ մահացել է կամ մեզ հավաստիացնում են, որ մահացել է այն վարչախումբը, որի դեմ պայքարել են այս անձինք և նման պարագայում ի՞նչ հանցագործության մասին խոսք կարող է լինել կամ թաքնվել ումի՞ց, վարչախմբից, որն այլևս գոյություն չունի՞, խոչընդոտել ո՞ւմ, ռեժիմի՞ն, որն անփառունակ մահացավ ժողովրդական ճնշման ներքո», - իր միջնորդությունը ներկայացնելիս հիմնավորեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբան Գևորգյանը իր պաշտպանյալի մասով հարց բարձրացրեց. «Պավլիկ Մանուկյանը, որը կռվել է հայրենիքի համար, ինչպե՞ս կարող է հեռանալ Հայաստանից, եթե ինքը հայտարարում է, որ իրեն դրել է զոհասեղանին»։ Նա ծիծաղելի համարեց պատճառաբանությունը, թե Մանուկյանը կարող է խուսափել քննությունից ու ինքը նույնպես միջնորդեց փոխել խափանման միջոց կալանքը և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը։
«Մենք եղել ենք հաղթանակի մերանը, ո՞նց կարող ենք լքել հայրենիքը։ Այն ծիծաղը, որը վերցրել են իմ ժողովորդից, պարոն Մակյանը պետք է վերադարձնի ժողովրդին այսօր», - իր խոսքում հայտարարեց Պավել Մանուկյանը՝ ժողովրդին կոչ անելով փակել բոլոր փողոցները և հանրային ճնշման ենթարկել հենց դատավորին։
«Դատավոր Մակյանը որոշում կայացնելիս որևէ մեկի օգնության կարիքը չի ունեցել։ Որոշումները կայացվել են բացառապես օրինականության դաշտում և իմ համոզմամբ։ Հետայսու էլ այդպես են լինելու։ Ինչ վերաբերում է փողոց փակելու ձեր կոչերին, ես կարող եմ դա դիտարկել արդարադատության միջամտություն՝ չնայած դա իմ նկատմամբ որևէ ազդեցություն չի ունենալու և որոշումը կայացվելու է բացառապես օրինական դաշտում», - ի պատասխան հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը։