16/05/2018 11:22
«Սասնա ծռերի» գործով խմբի մյուս անդամների կալանքը փոխելու միջնորդություն կներկայացվի
Այսօր Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամների մյուս մասի գործով դատական նիստը։ Այս գործի շրջանակում մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։
Ավելի վաղ փաստաբանները հայտարարել էին, որ պատրաստվում են այս նիստում ներկայացնել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություններ:
Հիշեցնենք՝ այս գործով խմբի մյուս անդամների խափանման միջոցները փոխելու մասին միջնորդություն էր ներկայացվել նախորդ դատական նիստում, սակայն դատավոր Արշակ Վարդանյանը չէր բավարարել այդ միջնորդությունը։
Նշենք, որ հանրության մի հատված, ովքեր կարծում են, թե «Սասնա ծռեր» խմբի անդամները քաղբանտարկյալներ են, պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից լինել խոսքի տերը և ազատ արձակել նրանց։ Հիշեցնենք՝ Փաշինյանը ԱԺ-ում ընտրվելու ժամանակ ունեցած իր ծրագրային ելույթում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից։
Սակայն Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարեց, որ կան իրավական ընթացակարգեր, որոնց պետք է հետևել։
«Շատերը կարծում են, թե պետք է գնանք բանտերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ու օրինական ճանապարհ չէ։ Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով։ Այդ հարցով ես զբաղվում եմ ու կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ», - նշել է Փաշինյանը՝ նկատելով, որ այդպիսի օրինական գործիքներ կարող են համարվել ներում շնորհելը, պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը, համաներումը, որը կարող է կիրառվել միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պարագայում։
Նկատենք, որ Փաշինյանը ուղիղ չի ասել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները քաղբանտարկյալներ են, մինչդեռ նախկինում արած հայտարարությունների համաձայն, Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալներ են։