16/05/2018 17:00
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավարին
Ս. թ. մայիսի 16-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական Խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին և մշակութային ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանին: Հանդիպման սկզբում հյուրերը շնորհավորեցին նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, այնուհետև՝ ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական Խորհրդի համատեղ իրականացրած և ներկայիս մշակութային ծրագրերը: Այս համատեքստում, ներկայացվեցին համագործակցության հիմնական «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Մշակույթ և ստեղծարարություն», «Պար` առանց սահմանների» ծրագրերը:
Նախարար Լիլիթ Մակունցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունների և գործուն համագործակության համար: Առաջարկ հնչեց նաև իրականացնել համատեղ աշխատանքներ՝ ստեղծարար ոլորտը Հայաստանի առաջնային ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ՝ կատարելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:
Իր խոսքում Լիլիթ Մակունցը վստահություն հայտնեց, որ կգտնվեն առավել արդյունավետ ձևաչափեր` համագործակցությանը նոր լիցքեր հաղորդելու և ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ ի նպաստ մշակույթի զարգացմանն ու մեր երկրի բարօրությանը: