17/05/2018 11:42
Պետք է ինչ-որ մի ժամանակաշրջանում կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը:
«Ես կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ պետք է մեխանիզմներ մտածել այդ պարտքերը ներելու մասին:
«Պետք է մտածել արագաչափերի, տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին, կարծում եմ, նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանում, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա, մտածել այդ օրենսդրական հնարավորության մասին, դրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ կասեցնելու մասին», - ասաց վարչապետը:
«Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել: Առնվազն պետք է այդ պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետին ու արդարադատության նախարարին առաջարկեց քննարկում հրավիրել այս թեմայի շուրջ: