17/05/2018 22:41
«Սասնա ծռերի» աջակիցները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների աջակիցների պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին Aysor.am-ի տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը։
«Այո, տեղեկությունը ճիշտ է։ Վարչապետի հետ հանդիպում է ունեցել պատվիրակությունը», - ասաց Ս.Սիմոնյանը։
Հարցին թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, նա պատասխանեց. «Բանակցությունների մանրամասները հասկանալի պատճառներով չենք հրապարակում»։
Ավելի վաղ, Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները որոշել էին լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորն ու բացել պողոտան։
«Մենք հնազանդվում ենք վարչապետի խնդրանքին` ազատում ենք փողոցը, բայց առաջարկում ենք չազատել դատարան բերող մուտքերը: Այն պետք է շարունակվի շրջափակված մնալ: «Սասնա ծռերի» տղաները մի փոքր էլ կհամբերեն, մինչև որ մենք կհանդիպենք վարչապետին, կստանանք բոլոր երաշխիքները, ընթացքը կհասականանք, թե որ ուղղությամբ է գնում, հասկանանք ճանապարհային քարտեզը», - ասաց ակցիայի մասնակիցը` հորդորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հանդիպել իրենց:
Aysor.am-ի մյուս հարցին, թե Արշակունյաց պողոտան բացելը արդյոք պայմանավորվա՞ծ էր հանդիպման փաստով, Ս.Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, փողոցը բացելը պայմանավորված էր վարչապետի կոչով, այն մասին որ ժամը 3-ց բացվեն փակ փողոցները։ Ցուցարարները բացեցին փողոցը՝ հարգելով վարչապետի խոսքը, սակայն շրջափակած պահեցին դատարանը»։
Նրա փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը վերաբերել է դատաիրավական համակարգին և քաղբանտարկյալներին։