18/05/2018 12:28
Կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել հակակոռուպցիոն մարմին. Արտակ Զեյնալյան
«Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովին արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ կառավարությունը առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին:
«Մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթներ», - ասաց Զեյնալյանը։
Նա նշեց, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու համար։
Նախարարի խոսքով՝ ռազմավարությունն ուղղված է լինելու քաղաքացիների և պետական մարմինների միջև շփման նվազագույնի հասցնելուն և վարչարարության պարզեցմանը։
«Ռազմավարությունն ուղղված է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցության ուղիների սահմանմանը։ Առանցքային ուշադրության է արժանանալու կոռուպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավումը», - ասաց Զեյնալյանը։
Նա ընդգծեց նաև, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել կոռուպցիան համատեղ ուժերով հաղթահարելու, կոռուպցիոն երևույթների դեպքում պատիժն անխուսափելի դարձնելու ուղղությամբ։