19/05/2018 10:35
Արցախը եղել է, կա և մնում է դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում. Զոհրաբ Մնացականյան
Արցախի Հանրապետության նախագահի հետ քննարկել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացմանը վերաբերող հարցեր, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ:
«Խոսել ենք նաև այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետև մեր ինքնության այս շրջանի պատմության կարևորագույն սյուներից Արցախն ամենակարևորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է» , - ասել նա:
Նախարարն ընդգծել է, որ Արցախը յուրաքհատուկ պայմաններում է գտնվում և այստեղ առկա է ֆիզիկական անվտանգության հարց, որի համար պետք է միասնական ուժ ու համախմբվածություն:
«Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե արդյոք դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում լինելու է Արցախը, նախարարը պատասխանել է.
«Եղել է, կա և մնում է: Լինելու է մինչև այն պահը, մինչև որ վստահ չլինենք, ինչպես որ ասացի, որ Արցախի անվտանգությունը, Արցախի զարգացումն ընթանում է իր բնականոն ուղիով»: