21/05/2018 11:50
Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մասնակցությամբ տեղի կունենա «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնը
Մայիսի 24-ից 27-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում տեղի կունենա «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնը։ Հիմնական մրցապայքարն ընթանալու է Ծաղկաձոր քաղաքում և ավարտվելու է Հրազդանի լճակում՝ թիավարությամբ, որին հաջորդելու է պարգևատրման հանդիսակարգը Ծաղկաձորի հրապարակում։
Պարգևատրումն իրականացնելու են պաշտոնատար անձինք, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, UNESCO-ի մրցանակակիր ջրասուզալողորդ Շավարշ Կարապետյանը, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական փոխչեմպիոն Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, վաստակավոր մարզիկ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյան և այլք։
Փառատոնին մասնակցում են շուրջ 150 հատուկ կարիքներ ունեցող մարդիկ՝ 8-45 տարեկան. Երևանից և ՀՀ այլ քաղաքներից (Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Կապան, Գորիս, Արտաշատ և այլն)։ Մասնակիցների գերակշիռ մասը կազմում են մեր երկրի մանկատների, հաշմանդամների խնամքի կենտրոնների սաները (Խարբերդ, Ձորակ, Մարի Իզմիրլյան, Նուբարաշեն, Նորքի հատուկ դպրոց, Երևանի N12 հատուկ դպրոց, «Իմ ուղին», Գյումրու «Փյունիկ»)։
Մասնակիցներն իրենց ուժերը փորձելու են բոչիա, էստաֆետային խաղեր, սեղանի թենիս, բասկետբոլ, թիավարություն մարզաձևերում: Փառատոնի ընթացքում կազմակերպվելու են բոչիայի և թենիսի մարզումներ, ֆուտբոլի ընկերական հանդիպում։
Նախագծի նպատակը մեկն է՝ հանրային մեծ ուշադրություն բևեռել հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ և նրանց համար ապահովել ներառական միջավայր։ Փառատոնը իրականացնում է Հայաստանում SOAR բարեգործական հիմնադրամը։
«Մեր նախաձեռնությամբ ջանում ենք անել ամենը, որպեսզի սպորտի միջոցով հատուկ կարիքներ ունեցող անձանց առօրյային նոր երանգ հաղորդվի, նրանց համար տոն ստեղծվի և, ի վերջո, «ես կարող եմ» ինքնավստահությունը գործնականում դրսևորելու հնարավորություն տրվի», - ասել է Հայաստանում SOAR ընկերության գործադիր տնօրեն Հռիփսիմե Մուրադյանը։