22/05/2018 19:35
Սպասում էի, որ կլինի նաև այնպիսի մասսա, որը հումոր չի ունենա. Սերգեյ Դանիելյանն՝ իրեն քննադատողների մասին
Վերջին շրջանում քաղաքական նոր մշակույթի բաղկացուցիչ մաս են դարձել նաև կառավարության անդամների կողմից իրականացվող Facebook-յան ուղիղ եթերները: Ավանդույթի մեկնարկը տվեց ու նախարարների շրջանում այն խրախուսեց նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պաշտոնյաների հասանելիությունն ընդգծող նոր մշակույթն անտարբեր չթողեց նաև արվեստագետներին: Դերասան Սերգեյ Դանիելյանն, ով երկրում տեղի ունեցող իրադարձություններին մշտապես անդրադառնում է սեփական պրիզմայից, այս երևույթից ևս ձեռնպահ չմնաց. Facebook-յան նրա էջում հայտնվեցին վարչապետի ուղիղ եթերների կրկնօրինակումները, որոնք սուր քննադատությունների արժանացան օգտատերերից շատերի կողմից: Քննադատությունները երբեմն հատում են անձնական վիրավորանքի սահմանը՝ մեկնաբանությունների տեսքով:
«Ես այդ քննադատություններին ըմբռնումով եմ վերաբերվում, չեմ բարկանում, սպասում էի, որ կլինի նաև այնպիսի մասսա, որը հումոր չի ունենա: Հարց չկա, ամեն ինչ նորմալ է», - Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց դերասանը:
Նկատեց՝ այդ կրկնօրինակումները ոչ թե սարկազմ էին արտահայտում, այլ իր դերասանական գործունեության մի մասն էին, որոնք որոշակի մեսսիջ էին: Որպես ՀՀ քաղաքացի՝ Սերգեյ Դանիելյանը դրական է վերաբերվում այն հանգամանքին, որ երկրի առաջին դեմքը նաև այդկերպ է շփվում հանրության հետ:
«Այսպես նա ջարդում է պաշտոնյայի՝ մեր ունեցած կարծրատիպերը: Ու ինչքան ջարդի, ոտի տակ տա, էնքան լավ. Պաշտոնյան Աստված չի, կարող է ուղիղ մտնել ու պատմել իր օրվա անցուդարձը, կապ պաշտպանել ժողովրդի հետ, խոսել, կիսվել և այլն», - նշեց նա:
Հարցին, թե արդյոք վերջին մի քանի օրերին իր կողմից Նիկոլ Փաշինյանի Facebook-յան ուղիղ եթերներին չանդրադառնալը պայմանավորված է այդ քննադատություններով, ու արդյոք այս թեմայով երբևէ խոսել է կառավարության ղեկավարի հետ, պատասխանեց.
«Իմ կյանքի իմաստն ամբողջ օրն այդ նմանակումներն անելը չի: Եվ հետո, վարչապետը մի 5 անգամ խոսել է, երեք անգամ էլ ես եմ նմանակել, էլ ի՞նչ պիտի անեմ: Ես իմ կյանքի սովորական ռիթմով, ընթացքով ապրում եմ: Հենց հավես ունենամ, նորից կանեմ: Ինչ վերաբերում է այս թեմայով վարչապետի հետ խոսելուն, կարծում եմ՝ վարչապետն ավելի լուրջ գործեր ունի, քան՝ ինձ հետ նստի ու իր ուղիղ եթերների կամ իմ կողմից դրանց արված անդրադարձների մասին խոսի»:
Դերասանն, «Իմ քայլը» շարժման առաջին իսկ օրից լինելով նախաձեռնության կողքին, շարունակում է սպասել խոստացված փոփոխություններին: Ընդգծում է՝ ինքն այն մասսային չի պատկանում, ովքեր մտածում են, թե ընդամենը երկու շաբաթ հետո իրենց սպասումները պետք է արդարանան:
«Ես մի քիչ ավելի գիտակից եմ մոտենում այդ պրոցեսին: Կարևորը, որ նոր կառավարությանը քննադատելու առիթ դեռևս չունեմ: Ո՞նց կարելի է 13 օրում փոփոխություններ նկատել: Կապրենք՝ կտեսնենք», - հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարի փոփոխությանը, այդ հարցը դերասանին բոլորովին չի հետաքրքրում, թեև դեմ չի, որ լավ փոփոխություններ լինեն:
«Ես Մշակույթի նախարարության հետ երբեք կապված չեմ եղել ու չեմ, էնտեղ ուզում է Կարաբաս Բարաբասը լինի, ինձ չի հետաքրքրում: Ես միշտ լավ եմ ապրել ու լավ էլ կապրեմ, իմ ոլորտը նախարարության և պետության հետ կապված չի: Ես միշտ էլ կոմֆորտի մեջ եմ եղել Հայաստանում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սերգեյ Դանիելյանը: