22/05/2018 12:05
Ղարաբաղի հարցում տևական կարգավորման հասնելու ճանապարհը Ղարաբաղ-Ադրբեջան ուղիղ բանակցություններն են. ՀՀ ԱԳՆ
Ղարաբաղյան հակամարտության հարցում տևական կարգավորման հասնելու ճանապարհը Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև ուղիղ բանակցություններն են, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ղարաբաղն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում: Կան փաստաթղթեր, որտեղ նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին: Խնդիրն այլ է. Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ և ես ցանկանում եմ հիշեցնել, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական արդյունքը` 1994թ. զինադադարի կնքումը, եղել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում, երբ ուղիղ շփում է եղել: Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել, եղել է ուղիղ նամակագրություն», - ասաց Տիգրան Բալայանն` ընդգծելով.
«Մեր խնդիրն այսօր հետևյալն է` Ադրբեջանի իշխանությունը պետք է հստակ գիտակցի, որ տևական, ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ նստել բանակցելն է»:
Տիգրան Բալայանը նշեց` Հայաստանն այսպիսով չի հրաժարվում բանակցություններից ու որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ շարունակելու է դրանք, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցել` «Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ ու տևական խաղաղությանը հասնելու համար»: