22/05/2018 14:59
Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ
Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է։ Մեր ժամանակների մեծագույն երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում և հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին։
Մաեստրոն, անդրադառնալով Խաչատրյանի մրցույթին, նշել է.
«Ես վստահ եմ, որ Խաչատրյանի անունը կրող մրցույթն աշխարհի մեծագույն մրցույթների մեջ իր ուրույն տեղն է գրավելու։ Այն շատ լավ հնարավորություն է իրենց կարիերան սկսող երաժիշտների համար»։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին։ Յոթ օրերի ընթացքում ժյուրին ինը երկրներ ներկայացնող 16 թավջութակահարներից կորոշի լավագույնին։ Մրցույթի ժյուրին նախագահում է մեծանուն թավջութակահար Սուրեն Բագրատունին։ Ժյուրիի կազմում են աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ։
1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ: