23/05/2018 23:34
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (Տեսանյութ)
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը՝ Ս.Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնում են Aysor.am-ի աղբյուրները։
Ներկայացված տեսանյութում մոխրագույն սպորտային համազգեստով և մահակով երիտասարդը Ս.Հակոբյանն է։
Ի դեպ Հայաստանի Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 20-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ։ Պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած 4 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Եվս երեք կասկածյալ հրավիրվել է բաժին, սակայն չեն ներկայացել և քննիչը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության բաժնին։
Բացի այդ՝ որոշումներ են կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ. նրանցից՝ Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս. Բաղդասարյանին և Վ. Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։