23/05/2018 15:07
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետությունը. 100 տարվա հետհայացք» խորագրով ցուցահանդեսը
Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանին նվիրված տոնակատարության միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետհայացք» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշներ, կարևոր փաստաթղթեր, ժամանակի կենցաղն արտացոլող նյութեր, հագուստի նմուշներ և այլն:
Ցուցահանդեսը կուղեկցվի հատուկ էֆեկտներով՝ լուսային, ձայնային, վիզուալ, անիմացիոն, պրոյեկցիոն։
Տոնակատարության միջոցառումների շրջանակում մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենան տոնական համերգներ: Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների համագործակցությամբ: Կմասնակցեն հանրապետության ճանաչված անհատ կատարողներ և համույթներ:
Բոլոր մարզկենտրոններում համերգների մեկնարկը կտրվի միաժամանակ՝ ժամը 19:00-ին, իսկ ժամը 20:30-ին տեղի կունենա հանդիսավոր հրավառություն: