24/05/2018 20:45
Վրաստանում Հայաստանի դեսպանին պատկանող «Յունիգրաֆ-Իքս»-ը 185 միլիոն դրամ է յուրացրել
Բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ:
Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա։ Ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:
Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:
Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ։
«Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն հիմնադրել են Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և նրա եղբայր՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը։