24/05/2018 10:48
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուին
Օրերես տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովում ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, Aysor.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սահմանված ժամկետում Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող բոլոր փաստաթղթերը տրամադրվել են Ազգային ժողովի նախագահին:
Նաև նշվում է, որ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի համար առաջադրվել էին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրում է Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: