25/05/2018 10:35
Կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի. Տիգրան Ավինյան
Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Կարող ենք արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար:
Երեկ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից:
Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի:
Համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ:
Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ», - նշել է նա։