25/05/2018 11:10
Բոլորի հույսն է, որ ԼՂ կարգավորումը լինի շատ շուտով, բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, նպատակները. ՀՀ ԱԳ նախարար
Մեր ներկայիս կարևորագույն նպատակը ներգրավվել բանակցությունների մեջ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե առաջիկայում հնարավոր է ԼՂ խնդրի կարգավորումը, ՀՀ արտգործնախարարն ասաց, որ բոլորի հույսն է՝ կարգավորումը լինի շատ շուտով։
«Բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները և, բնական է, մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է, առաջին հերթին, մեր շահերի ու նպատակների արտահայտությունը, որի հիմքում Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն է», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Նա ընդգծեց, որ ներկայիս կարևորագույն հարցն է պահպանել բանակցությունների դինամիկան։
Խոսելով իր ու Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին՝ նա ասաց, թե հանդիպումը հնարավորության հարց չէ։
«Սա բանակցությունների էություն է, այն բանակցությունների ձևաչափի մեջ տեղավորվող գործընթաց է», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։