25/05/2018 13:37
Այս պահին նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա. Նախարար
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նոր ատոմակայանի կառուցման և նման հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ չի ունեցել, սակայն այսօր հայտարարեց, որ նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա։
«Կարճ ժամանակ է, ինչ կառավարությունը ձևավորված է և այս պահին, ինչքան ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին չկա անհրաժեշտություն նոր ատոմակայան կառուցելու համար», - այսօր Մեծամորի ատոմակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արթուր Գրիգորյանը։
Լրագրողները հիշեցրին, որ նոր պաշտոնում իրեն՝ նախարարին, նախարարության աշխատակազմին ներկայացնելիս վարչապետն ասել է, որ նոր ատոմակայանի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, նախարարը պատասխանեց.
«Գիտեք ինչ, դա խորը մասնագիտական, փորձագիտական վերլուծություններ է պահանջում։ Մենք չենք կարող միանգամից ասել, որ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու։ Մենք Հայաստանի էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի համապատասխան քանակութամբ մեր ներքին շուկայի սպառման համար ունենք այսօր բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ։ Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որևից եքննարկում, որոշում չկա»։
Նախարարն ասաց, որ նոր ատոմակայան կառուցելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, և բացի այդ, անհրաժեշտություն էլ չկա։