25/05/2018 15:21
Հայկական գյուղում թխված Քրիստոսի պատկերով խորհրդավոր լավաշները կդառնան ցուցահանդեսի նմուշներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված հայկական լավաշը ոչ միայն համի, այլև՝ հրաշքի խորհրդանիշ է դարձել: Ու այդ հրաշքը հայտնաբերել և շուտով ցուցահանդեսի տեսքով հանրությանը կներկայացնի ռեժիսոր Արթուր Վարդանյանը:
Սուրբ հաղորդության խորհուրդն ընդգծող՝ «Ես եմ հացը կենդանի» խորագիրը կրող ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն 33 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը Հիսուսի դիմապատկերով մեկ ամբողջական լավաշ է՝ հեռահար աղերսներ ունենալով Թուրինյան պատանքի հետ: Սակայն, ի տարբերություն Թուրինյան պատանքի, սա կտավե սավան չէ, այլ հենց լավաշ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արթուր Վարդանյանը՝ մանրամասնելով նաև, թե ինչպես ծնվեց նման ցուցահանդես կազմակերպելու միտքը:
«Հայաստանի գյուղերից մեկում նկարահանում էինք վավերագրական ֆիլմ լավաշի մասին: Երբ հերթական լավաշը թոնրից հանեցինք, վրան Տիրոջ պատկերը հիշեցնող ուրվագիծ տեսա: Հենց սա էլ առիթ դարձավ հետագա 33 էքսպոնատների ստեղծմանը: Ցուցանմուշների թիվն, իհարկե ,պատահական չի ընտրված. վերջիններս խորհրդանշում են Տիրոջ տարիքը: 33 դիմապատկերներից յուրաքանչյուրն արտահայտելու է Քրիստոսի ներկայությամբ «Վերջին ընթրիքի» ժամանակ նրա ասած խոսքը՝ «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ Զ:39-71): Դա հաղորդություն է ոչ միայն մարդ և Աստված, այլ հաղորդակցություն՝ մարդ և մարդ, որն ամբողջական եկեղեցին է», - նշեց հեղինակը:
Թե ո՞ր գյուղում է հայտնաբերվել, այսպես ասած, խորհրդավոր թոնիրը, Ա. Վարդանյանը չցանկացավ բարձրաձայնել՝ խուսափելով ավելորդ աղմուկից: Ի դեպ, ռեժիսորն այս ամենի մեջ առեղծվածային ոչինչ չի տեսնում: Հարցին՝ հնարավոր է թոնրի տվյալ պատին ժամանակին պարզապես Քրիստոսի պատկերը նկարած կամ փորագրած լինեն, պատասխանեց.
«Ոչ, թոնրի պատերից և ոչ մեկին ոչինչ պատկերված կամ փորագրված չէ: Սա կարող էր լինել ցանկացած թոնրում և բնակավայրում: Կարևոր է արվեստագետի մոտեցումը, աչքը: Հաճախ կարող ես կրակում, երկնքում, առհասարակ, բնությանը նայելիս տարբեր պատկերներ տեսնել, ու դա արվեստագետի երևակայությունն է… Քանի որ սրանք պարզապես լավաշներ չեն, այլ ցուցահանդեսի համար նախատեսված ցուցանմուշներ և պետք է ներկայացվեն հանրությանը, ուստիև լավաշների այս տեսքն ստանալու համար աշխատեցինք դիզայներների և նկարիչների հետ: Փրկչի դիմապատկերը ստացվում է ոչ թե գծա կամ գեղանկարչության միջոցով, այլ՝ առկա է այլ տեխնիկա. Հիսուսի դեմքը պատկերվում է եփման, այրման շնորհիվ (տարբեր փուլերով)… Ինչ վերաբերում է տեղանքին, իհարկե գաղտնիք չէ, բայց իմաստ չեմ տեսնում վայրն ասել, քանի որ հավատացած եմ՝ այն ավելորդ աղմուկ կբարձրացնի և միստիկ բնույթ կկրի: Իրականում, ոչ մի հրաշք տեղի չի ունեցել: Եթե ուշադիր նայենք յուրաքանչյուր լավաշի, ըստ այրվածքների՝ կարելի է տարբեր պատկերներ տեսնել: Ինչ խոսք, չեմ ժխտում, որ այն, ինչ ես տեսա, շատ սիմվոլիկ էր»:
Արթուր Վարդանյանն ընդգծում է՝ պատահական չէ, որ իբրև խորհրդանիշ ընտրված է հայկական ավանդական թոնրի լավաշը: Առհասարակ, երևույթն ունի կարևորագույն նպատակ՝ պահել ու պահպանել մեր ազգային արժեքները, որի հիմնավոր կամուրջը հանդիսանում է Քրիստոնեությունը:
«Հայ ժողովուրդն առանձնահատուկ պաշտամունք է տածել թոնրի նկատմամբ, այն անվանել են Աստծո տաճար կամ եկեղեցի, թոնրով երդվել են և այլն: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ հաղորդակից լինելու մեր ազգային հավատքին, եկեղեցուն, մեր քրիստոնեական վարդապետության կարևորագույն՝ Սուրբ Հաղորդության խորհուրդին, առանց որի որևէ քրիստոնիայի փրկություն չի կարող լինել: Ցուցահանդեսում ներկայացված լավաշ-ցուցանմուշները փոխանցելու են Սուրբ Հաղորդության հիմնական կարևոր նպատակը՝ մեզ միացնել Քրիստոսին, և մեր կյանքը, մեր առաքելությունը, մեր կոչումը վերարժևորել Քրիստոսի ներկայությամբ, Աստվածային օրհնությամբ ու Աստծո հետ ամեն խնդիր ու դժվարություն հաղթահարելու կարողությամբ: Կարծում եմ՝ Տիրոջ դիմապատկերով ցուցահանդեսն այսօր առավել քան արդիական է՝ հաշվի առնելով մեզանում օր-օրի ավելացող աղանդավորների թիվը, մեր հավատքից ու կրոնից՝ Քրիստոնեությունից հեռացումը: Հավատացած եմ, որ մենք պետք է վերարժևորենք մեր մոտեցումները, չէ՞ որ մենք առաջին Քրիստոնյա ժողովուրդն ենք, ունենք հավատք, որի շնորհիվ նաև ապրել, գոյատևել ու պայքարել ենք», - նշեց նա:
Ցուցահանդեսի վայրը դեռևս հայտնի չէ, բայց այն սովորական ցուցասրահում իրականացված հերթական ցուցահանդեսը չի լինելու: Մեկ բան ևս հստակ է՝ կոմերցիոն նպատակ այս ցուցահանդեսը չի հետապնդելու:
«Ցուցահանդեսը շուտով կլինի: Չէի ցանկանա, որպեսզի լավաշ-էքսպոնատները ներկայացվեն սովորական ցուցասրահում: Կարծում եմ, ողջ խորհրդավորությունն արտահայտելու, հաղորդելու համար մի փոքր անսովոր միջավայր է հարկավոր, որտեղ կհնչեն հոգևոր երաժշտություն, եկեղեցական շարականներ, լավաշները շրջապատված կլինեն մոմերով, բայց ոչ թե լույս տալու, այլ՝ դրա միջոցով ներկայացնելու Քրիստոսին՝ անեղ լույսը: Ինչպես Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին, Ուղղափառ եկեղեցին Հաղորդությունը նշում են իբրև կարևորագույն տոներից մեկը, այս ցուցահանդեսը ևս կրելու է տոնական բնույթ՝ տոն Տիրոջ մարմնի և արյան: Ցուցահանդեսը կուղեկցվի ֆիլմի ցուցադրությամբ, ուր զուգահեռ կներկայացվեն Սուրբ Հաղորդության և հացի արարման խորհուրդները, լավաշի ժողովրդական պատկանելիությունն ու Քրիստոնեությունը ոչ միայն համամարդկային, այլ՝ որպես ազգային կրոն: Նաև ուզում եմ երկու կարևորագույն հանգամանք առանձնացնել. էքսպոնատները չեն հետապնդում բիզնես նպատակ և այդ լավաշներն ուտելու համար չեն», - տեղեկացրեց Արթուր Վարդանյանը:
Դիտարկմանն՝ արդյոք առավել նպատակահարմար չէր լինի ցուցահանդեսը կազմակերպել հենց տվյալ բնակավարում՝ թոնրի հարևանությամբ, պատասխանեց.
«Անշուշտ, գաղափարը լավն է, սակայն, քանի որ լավաշ-ցուցանմուշները գտնվում են ապակիների տակ, ուստիև, հասկանալի պատճառներով, պահանջում են փակ տարածություն՝ արևի լույսի արտացոլանքից խուսափելու համար: Սակայն չի բացառվում, որ համապատասխան պայմաններ ստեղծվելու պարագայում՝ Ձեր առաջարկը դառնա իրականություն»: