25/05/2018 17:21
Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար, խնդիրը չհասկացող և ընդհանրապես մշակույթի գործունեության հետ պակաս առնչություն ունեցող մարդիկ. Հրանուշ Խառատյան
Մենք մշակույթի որևէ գերատեսչություն չունենք, մենք ունենք արվեստների նախարարություն և ունենք մշակութային տարբեր օջախներ, ու մեր «մշակույթ» բառը սահմանափակվում է դրանով, այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ բարձրաձայնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Երբեմն մեր հրապարակախոսական և հանրային տեքստերում հոգևոր մշակույթ ենք ասում, որն էլ միայն կրոն ենք հասկանում: Իմ կարծիքով սա խեղաթյուրում է մշակույթ երևույթն ամբողջությամբ: Խոսքս այն երևույթի մասին է, ինչն իմ մասնագիտության մարդիկ անվանում են սոցիալական մարդաբանություն, մշակույթ, նաև՝ էթնիկական մշակույթ», - նշեց ազգագրագետը:
Հ. Խառատյանն ընդգծեց՝ Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար, խնդիրը չհասկացող և ընդհանրապես մշակույթի գործունեության հետ պակաս առնչություն ունեցող մարդիկ:
«Այս նախարարություն ես վախենում եմ ծրագիր ներկայացնել, որովհետև այնտեղ գողանում են ծրագիրը, գռեհկացնում այն, վաճառում մեկ ուրիշին, և հետո ես այն հանդիպում եմ ուրիշ գռեհկացրած հեղինակի անվան տակ», - նկատեց նա:
Պատասխանելով ազգագրագետի նկատառումներին՝ Ն. Փաշինյանը համաձայնվեց վերջինիս հետ, նշելով, որ Մշակույթի նախարարը լսեց խնդրի մասին և պետք է լուծի այն:
«Իհարկե, մեր խնդիրը այն է, որ Մշակույթի նախարարությունը դարձնենք Մշակույթի նախարարություն այն իմաստով, ինչ իմաստով դուք ասում էինք: Մինչ այս. այն մի քիչ հին ընկալումներով է եղել, որ պետք է նկարչին բացատրի, թե ինչպես պետք է նկարել, գրողին՝ գրել, դերասանին՝ խաղալ, ռեժիսորին՝ բեմադրել: Մենք չենք համարում, որ դա Մշակույթի նախարարության գործառույթ է: Նրա գործառույթը ապահովելն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաղորդակցությունը Հայաստանի և համաշխարհային մշակութային կյանքի հետ: Սա ենք մենք նկատի ունեցել՝ մշակույթի նախարար նշանակելով Լիլիթ Մակունցին, և ես համոզված եմ, որ ինքը բոլոր այդ ուղերձներն ընկալել է ու դրանց իրականացման ուղղությամբ ակտիվորեն կաշխատի: Իհարկե, Ձեր օգնությամբ», -հավատացրեց վարչապետը: