28/05/2018 14:01
«Նորֆոլկ» ընկերության հաշվապահական ծառայության ղեկավարն ու գլխավոր հաշվապահը կալանավորված են. Նրանք չեն ընդունում մեղադրանքը
Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գործով մայիսի 27-ին 2 ամսով կալանավորվել են ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանը և գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրանց փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելուն կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելուն օժանդակալը»։
ԱԱԾ քննչական վարչությունը երեկ Առաքելյանին և Զոհրաբյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։
«Իմ պաշտպանյալները չեն ընդունում մեղադրանքը։ Թե մեղադրանքը առաջադրելու, թե խափանման միջոց կիրառելու որոշման մեջ բառ անգամ չկա, թե այդ անձինք ինչ են կատարել, որ արարքով է, որ այդ արարքը կատարելիս կասկածվում են տվյալ հանցանքը օժանադկալու մեջ», - մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նա պատմեց, որ կալանքի միջնորդության ներկայացման ժամանակ դատարանում ներկայացրել են փաստարկներ առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը՝ ԱԱԾ-ն, չի հիմնավորել հիմնավոր կասկածի առարկայությունը։
«Սակայն դատարանը հաշվի չառավ մեր կասկածները և, ի վերջո, երկու պաշտպանյալիս էլ կալանավորեցին։ Վարույթն իրականացնող մարմինը սխալ կամ թերի փաստաթղթեր, որպես ապացույց, չներկայացրեց, այսինքն՝ կոնկրետ այս փուլում չի կատարվել վերլուծություն իրավական մակարդակով, չի կատարվել փորձաքննություն, որը ցույց կտար, որ ներկայացված հաշվետվությունները թերի են։ Եթե չի կատարվել վերլուծություն, ապա ինչպե՞ս կարելի է խոսել փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ», - ասաց փաստաբանը։
Քննչական գործողությունների մասին փաստաբանը ձեռնպահ մնաց խոսել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է և չի կարող մանրամասներ հայտնել։ Ուղղակի տեղեկացրեց, որ ԱԱԾ տարածած տեսանյութից պարզ է, որ որպես քննչական գործողություն խուզարկություն է իրականացվել ընկերության գրասենյակում։
Փաստաբանը պատարստվում է բողոքարկել իր պաշտպանյալներին կալանավորելու մասին դատարանի որոշումը։
Ավելի վաղ Aysor.am-ը հրապարակել էր ԱԱԾ հաղորդագրությունը, որի համաձայն «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսում մենաշնորհային դիրք է զբաղեցրել։ Ավելին, հիմնադրվել է Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում) գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին։ Դրա գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։
«Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։
Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար», - նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։