28/05/2018 14:46
«Նորֆոլկ» ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը կալանավորվել է
Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը, Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբանը։
Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։
Փաստաբանը, սակայն, հրաժարվեց ասել՝ ընդունո՞ւմ է իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքը, թե ոչ։ «Ես իր հետ չեմ համաձայնեցրել և այդ մասին որևէ տվյալ չեմ կարող հայտնել լրատվամիջոցներին», - ասաց նա։
Նկատենք, որ Արթուր Ունանյանը մինչև «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը ղեկավարելը եղել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր հաշվապահն է եղել և ՊԵԿ նախագահի աշտոնում Վարդան Հարությունյանի նշանակվելուց հետո տեղափոխվել էր մաքսային ոլորտ։
Ավելի վաղ Aysor.am-ը հրապարակել էր ԱԱԾ հաղորդագրությունը, որի համաձայն «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսում մենաշնորհային դիրք է զբաղեցրել։ Ավելին, հիմնադրվել է Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում) գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին։ Դրա գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։
«Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար», -նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Aysor.am-ը նաև տեղեկացրել էր, որ այս գործի շրջանակներում կալանավորվել են նաև նույն ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանը և գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը։ Նրանց փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նրանք չեն ընդունում իրենց առաջադրվա մեղադրանքը։