28/05/2018 11:59
ԱՄՆ կշարունակի գործակցել ՀՀ կառավարության հետ ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորելու հարցում. Բրիջիթ Բրինք
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահն նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության հետագա խորացմամբ:
Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Հանրապետության նախագահին պաշտոնը ստանձնելու և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:
Բարձր գնահատելով հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ Բրիջիտ Բրինքն ասել է. «Ուզում ենք գովեստով փաստել վերջին շրջանի բողոքների խաղաղ հանգուցալուծման նպատակով Ձեր ձեռնարկած միջնորդման և խրախուսման կարևոր քայլերը: Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ամերիկյան ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման, մարդու իրավունքների խթանման և զբոսաշրջության զարգացման հարցերում»: