29/05/2018 14:48
Բաքվի հռետորաբանությունը բացասական է ազդում խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորելուն. ՀՀ ԱԳ նախարար
Մայիսի 29-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների առավել ամրապնդումը` բարձր գնահատելով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Տոյվո Կլաարը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով համատեղ քայլերով Հայաստանի հետ կապերն առավել ամրապնդելու Եվրամիության պատրաստակամությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք նշելով, որ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և լավ հիմք է հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու համար:
Հանդիպման օրակարգում էին նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը և գործողությունների ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ, մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ՝ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։
Անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը հանձնառու է՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Ընդգծելով, որ հարկավոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորել, նախարար Մնացականյանն արձանագրել է, որ Բաքվի հռետորաբանությունն ամբողջությամբ հակառակն անելով՝ բացասական է ազդում, և հետևապես պետք է կանխվի։