30/05/2018 12:13
Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը չեն փոխանցվի «Տաշիր» ընկերությանը. պայմանագիրը չեղարկվել է (Տեսանյութ)
Կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը», - ասաց պաշտոնյան՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։
Հարցին, որ տեղեկություններ կան՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանեց, որ այդ տեղեկությունները բացարձակ սուտ են:
Արթուր Գրիգորյանը չմանրամասնեց, թե ինչ կետերի մասին է խոսքը, որոնք ձեռտու չէին պետությանը: Նա ասաց, որ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ավելի օգտակար կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա որպես պետական: