30/05/2018 11:17
Հնարավոր է՝ գազի և էլէներգիայի սակագնի փոփոխություն տեղի չունենա. Նախարար (Տեսանյութ)
Գազի և էլեկտրաէներգիայի սակգնի նվազման հարցի շուրջ քննարկումներն ընթանում են ոչ թե կառավարությունում, այլ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց նախարար Արթուր Գրիգորյանը՝ հերքելով լրատվամիջոցների տեղեկությունը, թե կառավարությունը վարչապետի գլխավորությամբ քննարկում է սակագները նվազեցնելու հնարավորությունը։
Ըստ նախարարի, քննարկումներն ընթանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։
«Մասնագետները սկսել են քննարկումներ սակգների նվազեցման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ», - ասաց նախարարը։
Կառավարության պաշտոնյան ասաց նաև, որ քննարկումներն սկսել են երեկ՝ մայիսի 29-ին երեկոյան, դրանք չեն ավարտվել և արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։
Գրիգորյանի խոսքով՝ սակագների վերանայման հնարավորությունը վեց ամիսը մեկ է և սակագների վերանայումը կլինի օգոստոսից հետո։
«Սակագնի բարձրացում հաստատ չի լինի», - վստահեցրեց նախարարը։