30/05/2018 13:11
«Երևան սիթիում» ՊԵԿ-ը գործողություններ չի իրականացնում. ՊԵԿ փոխնախագահ (Տեսանյութ)
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում Պետական եկամուտների կոմիտեն որևէ ստուգում չի իրականացնում, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։
Վերջինը նկատենք, ՊԵԿ-ի երկար տարիների աշխատակից է և նախկինում զբաղեցրել է Խոշոր, այնուհետև՝ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը։
«Իմ տեղեկություններով, ԱԱԾ-ն է գործողություններ իրականացնում տվյալ տնտեսվարողի մոտ», - նշեց ՊԵԿ փոխնախագահը։
ՊԵԿ փոխնախագահը չհամաձայնեց լրագրողի հարց-դիտարկմանը, թե ինչո՞ւ նախկինում ՊԵԿ-ը ըստ պատշաճի չի իրականացրել իր գործառույթները, ինչի հետևանքով այժմ ԱԱԾ-ն է «ընկել խոշոր տնտեսվարողի հետևից»։
«Իմ կարծիքով՝ հարկային մարմինների գործողությունները ամենօրյա են կապված ստվերի կրճատման հետ։ Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանի Հանրապետությունում, ինչի հետևանքով վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չէր լինի», - ասաց պաշտոնյան։