30/05/2018 18:52
Ծնվել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի որդին՝ Մհերը. լուսանկար
Մայիսի 30-ին՝ ժամը 1:10 րոպեին, Շենգավիթ բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկավ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի և իրավաբան Արտակ Սարգսյանի որդին: 2 կգ 900 գրամ քաշ և 49 սմ հասակ ունեցող Մհերի անունն ընտրել են ծնողները, վերջնական համաձայնությունը տվել է ավագ եղբայրը՝ Հայկը:
Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը նկատեց՝ փոքրիկն ավելի շատ նման է եղբորն ու հայրիկին:
«Այդ հանգամանքն ինձ միայն ուրախացնում է: Մհերը մեր ընտանիքի 3-րդ տղան է, «ուժերը» հավասարվեցին՝ ես ու մեր երկու աղջիկները և Արտակն ու մեր երկու որդիները: Մհերիկը սկզբնական շրջանում մեր ննջասենյակում կքնի, բայց երբ մի քիչ մեծանա՝ Հայկիկի սենյակ կտեղափոխվի: Կարծում եմ՝ եղբայրներին հետաքրքիր կլինի միասին», - նշեց մեր զրուցակիցը:
Նորածին եղբորը երեխաներից դեռևս միայն ավագ քույրը՝ Լաուրան, է տեսել: Փոքրիկի խնամքի հարցում դերասանուհին ապավինում է դստրիկների օգնությանը: Նկատում է՝ դայակ չի վարձի, աղջիկներն արդեն բավականին մեծ են ու իրեն սիրով կօգնեն: Արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել եղբոր հետ այգում զբոսնելու:
«Աղջիկս այսօր հանդիպեց Մհերիկին, ցավոք՝ մյուս երկուսը վատառողջ են ու իրենց հիմա չի թույլատրվում գալ հիվանդանոց: Եթե ամեն ինչ լավ լինի, 3 օրից տուն կգնանք և բոլորս միասին կլինենք», - ընդգծեց նա:
Հարցին՝ մտածո՞ւմ են Մհերին մկրտելու մասին, դերասանուհի մայրիկը պատասխանեց.
«Անշուշտ, մտածում ենք: Անկասկած մկրտելու ենք, սակայն դեռ ժամանակահատված չեմ կարող նշել: Ամեն ինչ առջևում է»: