30/05/2018 14:46
Ինչո՞վ են զբաղված կառավարության նախկին անդամները. Կարդալով հանգստանում եմ և փորձում իրականությունից կտրվել. Լևոն Ալթունյան
Ինչո՞վ են զբաղված նախկին կառավարության անդամները: Նրանցից երեքը՝ Դավիթ Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Հրաչյա Ռոստոմյանը, շարունակում են պաշտոնավարել նոր կառավարության կազմում, մյուսները հրաժարական տվեցին:
Aysor.am-ը շարքով կներկայացնի, թե ինչ են արել այս ընթացքում նախկին նախարարները և ինչ պլաններ ունեն առաջիկայում:
Այս անգամ մեր զրուցակիցն առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանն է:
- Ինչո՞վ է զբաղվում ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը նոր կառավարության ձևավորումից հետո:
«Հանգստանում եմ, հիմնականում կարդում», - ասում է Լևոն Ալթունյանը, ում սեղանին և բազմոցին այս օրերին միաժամանակ ընթերցվող երեք գիրք կա՝ անգլիացի ժամանակակից, հանրահայտ գրող Նիլ Գեյմանի «Սկանդինավյան աստվածները», «Գեղանկարչության համաշխարհային 50 գլուխգործոցները» և «Հաճույք X-ից»՝ զվարճալի, հետաքրքրաշարժ էքսկուրսիա մաթեմատիկայի աշխարհում։
Անցած օրերին Լևոն Ալթունյանը հասցրել է կարդալ անգլիացի գրող՝ ծագումով ճապոնացի, 2017 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած Կաձուո Իսիգուրոյի ևս 2 գիրք՝ «Թաղված հսկան» և «Օրվա մնացած մասը»։
«Կարդալով հանգստանում եմ և փորձում իրականությունից կտրվել։ Դա ինձ թույլ կտա հետագայում ավելի սթափ նայել իրողությանը և գնահատել արվածն ու չարվածը», - ասում է նախկին նախարարը: