30/05/2018 16:53
Ես իրեն պարբերաբար գումար էի տալիս, որն էլ հավաքել ու ինձ անակնկալ է մատուցել. Նարեկ Հայկազյանը դարձավ 34 տարեկան
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանն այսօր նշում է ծննդյան 34 ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում երիտասարդ դերասանն ընդգծեց՝ ինչպես իր մնացյալ ոչ կլոր տարեդարձերին, այս տարի էլ մեծ խնջույք չի կազմակերպելու՝ հետաձգելով այն հաջորդ տարվան:
«Չեմ նախատեսել այս տարի մեծ ծնունդ անելու, ավելի շատ տրամադրված եմ մյուս տարվան՝ 35 ամյակիս: Սիրում եմ մտերիմներիս բոլոր տարեդարձները մեծ ուրախության վերածել, բայց իմ դեպքում՝ միայն հոբելյանականները: Թեև գիտեմ, որ հաճելի ժամանակ անցկացնելուց չեմ խուսափի, երեկոյան հաստատ ընկերներս կգան ու ընտանեկան մթնոլորտում, տանը կուրախանանք», - նշեց մեր զրուցակիցը:
Հոբելյարին առաջինը շնորհավորել է կրտսեր որդին, այնուհետև՝ կինն ու ավագ որդին, գործընկերները, ընկերներն ու հարազատները:
«Փոքր տղաս 4 տարեկան է, բայց կամքի ուժ դրսևորեց ու միչև 00:00 չքնեց, որպեսզի ինձ շնորհավորի: Ուղիղ կեսգիշերին էլ ընկերիցս մի քանիսը եկան մեր տուն», - ասաց նա:
Նարեկ Հայկազյանի համար իր ամենատպավորիչ ծննդյան տարեդարձը 20-ամյակն է եղել: Հիշում է՝ թեև ինքն ուսանող էր ու դեռ ծառայության չէր մեկնել, սակայն հասակակից ընկերների մեծ մասն արդեն իսկ զինվորական համազգեստ էր կրում, ու նրանց մի մասը հատուկ իրեն շնորհավորելու համար արձակուրդ էր վերցրել ու զորամասից քաղաք եկել:
«Ես ավարտելուց հետո՝ 21 տարեկանում բանակ գնացի: 20-ամյակս երևի 2-3 օր էր՝ նշում էինք, ուրախանում, տուն չէինք գնում: Հրաշք բան է հիշողությունը, որն ամեն պահի մեզ ուղեկցում է», - հուզմունքով վերհիշեց մեր զրուցակիցը:
Դերասանը նյութական նվերներին մեծ ուշադրություն չի դարձնում: Ասում է՝ ինքնաբավ մարդ է, ամեն ինչ ունի: Ի դեպ, ավագ որդուց՝ 11-ամյա Անրիից, երեկ Smart հեռուստացույց է նվեր ստացել, որի անհրաժեշտությունը ննջարանում վաղուց ուներ:
«Ես իրեն պարբերաբար գումար էի տալիս, որն էլ հավաքել ու ինձ անակնկալ է մատուցել: Գիտեի, թե ինչ նպատակով է այդ գումարը հավաքում, բայց չգիտեի, թե այդ անակնկալը երբ է մատուցելու: Շուտով ավտոմեքենաս կփոխեմ, դա էլ կարող եմ նվեր համարել… Մեծամտություն չլինի՝ կարծում եմ՝ այս տարիքում արդեն ունեմ այն, ինչն ինձ անհրաժեշտ է, ինչի կարող էի հենց 34 տարիների ընթացքում հասնել. հրաշալի, հայկական ընտանիք, սիրող ու սիրված կին, հրաշք երեխաներ, մասնագիտական զբաղվածություն: Աստված ցանկացել է, որ հենց այսքանն ունենամ, ու ես չեմ դժգոհում… Հետագայում ցանկություն ունեմ առավել մեծ տուն ունենալ ու կունենամ», - վստահեցրեց նա:
Երկու որդիների հայրը մեկ թաքուն երազանք ևս ունի՝ դստրիկ ունենալ, սակայն այդ հարցում ամուսինները դեռ չեն շտապում.
«Հիմա երկուսս էլ հագեցած աշխատանային ռեժիմ ունենք, մեր պուճուրիկին էլ հազիվ ենք հասցնում տեսնել: Չեմ պատկերացնում՝ ինչպես գլուխ կհանենք, եթե նրանից փոքրիկն էլ տանը լինի… Հուսամ՝ աղջիկ կունենանք, բայց ժամկետներ չեմ նշի, միայն կասեմ՝ Աստված երբ կամենա»:
Հոբելյանն ինքն իրեն միայն մեկ մաղթանք ունի՝ առողջություն, մնացած ամեն ինչի անձամբ կհասնի:
«Ես աշխատող, փնտրող ու գտնող, ստեղծող տեսակ եմ, երբեք նույն տեղում չեմ դոփում: Խոստովանեմ՝ ես սարսափում եմ հիվանդություններից: Կարևորն՝ առողջ լինեմ, ու կստեղծեմ ամեն ինչ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նարեկ Հայկազյանը: