31/05/2018 15:45
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
Մայիսի 30-31-ը, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվեց միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Կոմիտեն հանդիսանում է «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական մարմին:
Հայաստանը վերոնշյալ Կոմիտեի անդամ է 2017 թ.-ից` 4 տարի ժամկետով: Բյուրոյի նախագահող է ընտրվել Մեքսիկան։
Կոմիտեն ստեղծվել է 1978թ. Կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 20-րդ նստաշրջանի համապատասխան որոշման հիման վրա: Համաձայն վերջինիս 2-րդ հոդվածի Կոմիտեն ունի 22 անդամ: Կոմիտեի անդամն ունի անմիջապես վերընտրվելու հնարավորություն:
Դրա կարևոր գործառույթներից է նպաստել պետությունների բազմակողմ և երկկողմ համագործակցությանը մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձնելու կամ դրանց ռեստիտուցիան խրախուսելու մասով: