31/05/2018 19:14
Տեղի ունեցավ «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերան. հանդիսատեսը մեկ ժամ շարունակ հոտնկայս ծափահարում էր. Լուսանկարներ
Մայիսի 30-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, շուրջ մեկ տարվա աշխատանքներից հետո հանդիսատեսի դատին հանձնվեց Անահիտ Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» բեմադրության առաջնախաղը՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմին:
Բեմադրության ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյան է, նկարչական ձևավորումը պատկանում է Գարեգին Եվանգուլյանին, կոմպոզիտորն է Հայկոն։
Գլխավոր դերերում հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, արտիստներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։
Մինչ ներկայացումը, թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին պիեսի հեղինակը, բեմադրող ռեժիսորը, կոմպոզիտորն ու թատրոնի տնօրենը:
Անահիտ Աղասարյանն իր խոսքում նշեց, որաԱռաջարկը եղել է Գյումրիի թատրոնի ղեկավարության կողմից, ու ինքը սիրով ստանձնել է կարևոր այդ պարտականությունը: Նրա համար պիեսի ամենահուզիչ հատվածը վերջաբանն է։
Բեմադրության ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ որպես բեմադրության ռեժիսոր՝ համարել է, որ ավելի ճիշտ կլինի թիկունքի պատմություն ներկայացնելը, և ոչ թե մարտի դաշտ և մարտական գործողություն։
«Երբ հույզերն ես բերում առաջին պլան, ավելի ազդեցիկ է, քան իրադարձություններ ներկայացնելը»,-խոստովանեց նա:
Հայկոյի բնորոշմամբ՝ երաժշտությունը ծնվել է փորձերի ընթացքում, մինչ այդ չի պատկերացրել, թե ինչպիսի երաժշտություն է անհրաժեշտ: Ասում է՝ բեմադրությունը ստիպեց ինձ երաժշտությունը:
Բանախոսները խոսեցին նաև պիեսի անհրաժեշտության մասին, ամփոփեցին ստեղծագործական շուրջ մեկ տարվա ընթացքը, ինչպես նաև՝ հետագայում ներկայացման հյուրախաղերի կազմակերպման հարցերը մարզերում և Արցախի հանրապետությունում։
Առաջնախաղին ներկա էին մշակույթի հայտնի գործիչներ, բազմաթիվ հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, Արցախի հանրապետությունից՝ ԱՀ մշակույթի, տուրիզմի զարգացման և Երիտասարդության հարցերի նախարարի գլխավորությամբ, արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ։
Հյուրերի շարքում էին նաև ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ կնոջ հետ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը,. Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, և այլք:
Լեփ-լեցուն դահլիճը, չդադարող հոտնկայս ծափահարությունները վկայությունն էին ոչ միան ներկայացման հաջողության, այլև՝ թեմայի պահանջվածության: