31/05/2018 13:02
Ֆուտբոլի ֆեդերացիայում խնդիրներ կան. պետք է լինի նախագահի ընտրություն. Արման Սահակյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ինչ-որ խնդիրներ կա, այս մասին «Սիվիլնեթի» հետ զրույցում ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը։
«Պետք է վերագրանցվի ֆեդերացիան, պետք է լինեն նոր ընտրություններ թե գործկոմի, թե նախագահի, հիմա, իմ տպավորությամբ, դա մի քանի ամսվա մեջ է լինելու», - ասել է նա։
Դիտարկմանը՝ թե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ Արման Սահակյանն ակումբը պահում է միայն քաղաքական դրդապատճառների համար, Արման Սահակյանը նշել է, որ երբ ինքը դարձել է «Շիրակ» ակումբի նախագահ, այդ ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվել։
«Դրանից հետո է եղել, ամեն դեպքում, ինչ ես որոշել եմ ու արել եմ, ոչ ոքի դրա համար պարտավոր չեմ ինչ-որ բացատրություն տալու, Հայաստանում բոլորը գիտեն, որ «Շիրակի» պես միահամուռ կոլեկտիվ չկա, ինչ անում եմ՝ լավ եմ անում, համենայնդեպս, իմ խիղճը հանգիստ է, շատ ներդաշնակ ապրում ենք», - նշել է Ա. Սահակյանը։
Նա նշել է, որ պահանջում են ինչպես ֆեդերացիայի նախագահի, այնպես էլ` ամբողջ աշխատակազմի հրաժարականը, «քանի որ այսպես այլևս չի կարող շարունակվել»:
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Շիրակ» ակումբին պայմանավորված խաղի փորձի պատճառաբանությամբ զրկեց 12 միավորից, ինչը ակումբին զրկեց չեմպիոն դառնալու հնարավորությունից։
«Շիրակ» ակումբը ՀՖՖ-ի որոշումը համարում է ապօրինի։