01/06/2018 10:10
Արարատ Միրզոյանի՝ վարչապետի ինքնաթիռով Դուշանբե մեկնելը 20 միլիոն դրամ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ»
Կառավարության լրատվական ծառայությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ։ Կառավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։ Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու։ Թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու այդքան նախարարներով ու ներկայացուցիչներով, անհայտ է, բայց նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում»։
Երբ թերթը փորձել է կառավարությունից ճշտել՝ ինչ է նստել այդ թռիչքը, այնտեղից որևէ թիվ չեն ասել, ինչ վերաբերում էր «առաջին բորտով» թռչելու մասին հարցին, տեղեկացրել են. «Հաշվի առնելով, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Դուշանբե… այն վարչապետի ինքնաթիռը չէ, այլ քաղավիացիայի իրավասության տակ գտնվող ինքնաթիռ է, հատուկ ընթացակարգով դիմել ենք՝ տվել են»։
Թերթը կապվել է նաև քաղավիացիայի ծառայության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ, ով, ի պատասխան, ասել է. «Այո, թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթիռով»՝ «առաջին բորտով»։ Որով երբեք «հին Հայաստանում» որևէ փոխվարչապետ՝ ո՛չ Վաչե Գաբրիելյանը, ո՛չ Արմեն Գևորգյանը, չեն թռչել»։