01/06/2018 16:51
Արվելու է հնարավոր ամեն բան, որ ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ. Արցախի նախագահը շնորհավորել է երեխաներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
«Սիրելի՛ երեխաներ,
Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս ուրախ ու հրաշալի տոնի կապակցությամբ:
Արցախում իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված ձեր առողջության ու կրթության հետ կապված խնդիրների լուծմանը, կառուցվում ու վերանորոգվում են հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզները, մարզական ու մշակույթի օջախները, այգիներն ու պուրակները:
Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ, ապահով ու բարեկեցիկ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ, լի ամենավառ գույներով ու թանկ հիշողություններով:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, թանկագի՛ն փոքրիկներ, եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ճանապարհին»: