01/06/2018 13:51
Չինաստանը կիջեցնի մոտ 1500 ապրանքի ներկրման մաքսերը
Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից իջեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսերը, սակագների միջին մակարդակը 15,5 տոկոսից կկրճատվի մինչև 6,9 տոկոս, ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի հրապարակած փաստաթղթում, փոխանցում է РИА Новости-ն:
Իջեցումը կվերաբերի լայն սպառման ապրանքներին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտներով առևտրի բնագավառում այսպես կոչված առավել բարենպաստման ռեժիմի (MFN) շրջանակներում: Նշվում է, որ մաքսերի իջեցումը նպաստավոր է Չինաստանի բացության քաղաքականության առաջմղման համար և կարևոր միջոցառումներից մեկն է Չինաստանի շուկա արտասահմանյան ապրանքների համար՝ Պեկինի խոստացած մուտքի հեշտացման իրագործման հարցում:
Իջեցումը տեղի է ունենում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրական հակամարտության սրման ֆոնին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտնեց, որ ԱՄՆ-ը հունիսի 15-ից կհայտարարի Չինաստանից ներմուծվող այն ապրանքների վերջնական ցուցակը, որոնք ենթակա են 25 տոկոս մաքսով հարկման: