02/06/2018 11:47
Սա երազանքների տետր չէ, գոնե մի թեթև իջեք երկնքից. Գյուղատնտեսը քննադատել է կառավարության ծրագրի գյուղատնտեսական բաժինը
Կառավարությունը խորհրդարան ներկայացրած ծրագրով առաջարկում է «հեղափոխական տեմպերով» զարգացնել գյուղատնտեսությունը։
«Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության գերխնդիրն է լինելու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսություններից ու գյուղացիական կոոպերատիվներից սկսած մինչև վերամշակողների ու արտահանողների, կենսամակարդակի և եկամտաբերության բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կայուն ապահովումը», - նշված է ծրագրում։
Կառավարությունը անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել են անմշակ, և ծրագրում են «գործուն քայլեր» ձեռնարկել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը ըստ նպատակի օգտագործելու ուղղությամբ:
«Այս նպատակին հասնելու համար պետք է դրամատիկ ջանքեր գործադրել նորանոր խթաններ ու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ», - նշում են նոր կառավարիչները։
Գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում․ այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պիտի լինի, ինչպես էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի։
Նոր կառավարությունը նաև ծրագրում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծել ու համատարած ներդնել ոռոգման կաթիլային և անձրևացման համակարգ, ինչպես նաև ներդնել հակակարկտային նոր համակարգեր։ Նաև նախատեսում են «գործուն քայլեր ձեռնարկել մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներին առավելագույն կերպով բավարարելու ուղղությամբ»։ Փաշինյանի կառավարությունը նաև խոստացել է. «Կառավարությունը կօգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթևացնելու հարցում»։
«Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտում արտահանման մեծ պոտենցիալն օգտագործելու ուղղությամբ։ Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն դեպի նոր շուկաներ», - նշված է նոր կառավարության ծրագրում։
Այս ծրագրի գյուղատնտեսական բաժին արդեն սկսել են քննադատել գյուղատնտեսները։ Նրանցից Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տղերք, արդեն խնդալու չի, երդվում եմ խնդալու չի։ Տղերք կամ աղջիկներ, էսքան շուտ մի կտրվեք իրականությունից ։ Մենք պայքարում էինք սովետական պաթետիկ անիմաստ բառակույտերի դեմ, հիմա դրել եք ավելի վատ բան դուք եք անում։ Տղերք կամ աղջիկներ, գյուղատնտեսության ոլորտին վերաբերվող կառավարության ծրագիրը որ գրել եք, ՀՀ-ում մոտ 30 լրջագույն մասնագետներից գոնե մեկի հետ խորհրդակցե՞լ եք։ Հավատացե՛ք, ում դիմեիք , մեծ սիրով կօգնեին։ Տղերք և աղջիկներ, էս ի՞նչ եք արել։ 18 տարեկան սիրահարված պատանյակը նույնիսկ իր սիրած աղջկան այդպիսի պաթետիկ ու երազկոտ խոստումներ չի տալիս։
Ի՞նչ է նշանակում «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը»։ «Հեղափոխական տեմպերով»-ը ո՞րն է, կովը որ տեսավ հեղափոխություն եղավ պիտի կրկնակի կաթ տա՞։ Թե՞ լոբին ամեն պատյանի մեջ մի քանի հատ ավել է բռնելու։
Տղերք, գրել եք, ավելի ճիշտ այստեղից, այնտեղից թարգմանել եք «Կաթիլայինը և անձրևացման համակարգեր...» առանց հասկանալու, որ անձրևացման համակարգ հասկացողություն գոյություն չունի։ Տղերք և աղջիկներ, որ առանց ոլորտի մեջ խորանալու ,գրել եք գյուղացու «անտանելի վարկային բեռը», դուք գիտե՞ք , որ գյուղացուն տրվող լիզինգը 2% է, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 5։
Տղերք և աղջիկներ, բա գոնե մի տարբերակ ինչի՞ չեք գրել՝ ինչ միջոցներով ու ոնց պիտի հեղափոխական զարգացում ապահովեք։ Արտահանումից եք խոսում, գոնե գիտե՞ք ՀՀ-ում աճեցվող որ կուլտուրան կարող է մրցակցային լինել։
Ի վերջո, տղաներ և աղջիկներ, սա կազմելուց մի՛ մոռացեք ,որ սա ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ է, դպրոցական ցանկությունների ու երազանքների տետր չի և գոնե մի թեթև իջեք երկնքից, գոնե մի գյուղ մտեք, շատ բան չէ ու խորհրդակցեք ոլորտից հասկացող առնվազն մի հոգու հետ, գոնե նախարարության աշխատակազմի հետ։
Չի կարելի այսպես, անկեղծ եմ ասում։
Հ.Գ Հավատում եմ որ ամեն ինչ շատ լավ է լինելու, ահավոր լավատես եմ»։