02/06/2018 11:07
Ինչպես է նոր կառավարությունը պայքարելու կոռուպցիայի և կաշառակերության դեմ. Նոր կառավարության ծրագրից
Հայաստանի Ազգային ժողովին ներկայացրած նոր կառավարության ծրագրի 4-րդ կետը վերաբերում է կոռուպցիայի և կաշառեակերության դեմ պայքարին։ Կոռուպցիան, ըստ նոր կառավարության «հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկն» է ու դրա դեմ պայքարը՝ առաջնահերթություն։
Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն առաջարկում է ներդնել նոր գործիքակազմ և մատնանշում նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմնին, որը դեռ նախորդ կառավարությունն էր նախատեսել ստեղծել։
«Այդ մարմինը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը», -նշված է ծրագրում:
Նկատենք՝ նախորդ կառավարությունը իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն չէր վերապահել նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմնին։
Այսպես, ըստ կառավարության, կոռուպցիայի աճի կամ կանխարգելման առաջնային պայմաններից մեկը պետության առաջին դեմքերի, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունն է կոռուպցիոն համակարգի մեջ կամ համապատասխանաբար, նրանց կողմից կոռուպցիոն համակարգերի մերժումը։
«Ըստ այդմ, իշխանական վերնախավի չներգրավվածությունը կոռուպցիոն համակարգերի մեջ գործնականում երաշխավորում է կոռուպցիոն համակարգի պարտությունը, և կառավարությունը վճռական է այսպիսի պայմաններ ապահովելու գործում», - նշված է ծրագրում։
Կոռուպցիայի կանխարգելման գործում կառավարությունը կարևորագույն նշանակություն է վերապահում իրական հանրային վերահսկողությունը պետության առաջին դեմքերի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության և ունեցվածքի նկատմամբ։ Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար նոր կառավարությունն անհրաժեշտ է նաև իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ, որոնցից առանձնապես կարևորել է՝
- այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպիտի կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա:
- այնպիսի նոր համակարգի ներդրումը, ըստ որի պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գինը ձեռքբերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ենթարկվի խորը և համապարփակ քննության։
- պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը (նվիրատուների անունները/անվանումները, եկամուտ վճարողների անունները/անվանումները, գույքի գտնվելու վայրը և այլն)՝ ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը:
Բացի այդ առաջարկվում է թափանցիկ դարձնել հանրային կառավարումը, կիրառել այնպիսի էլեկտրոնային համակարգեր, որը կապահովի պաշտոնյաների գործունեության, ինչպես նաև կառավարման մարմինների թափանցիկությունը։
Ըստ կառավարության ծրագրի, նոր կառավարիչները նպատակ ունեն վերանայել արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը։
Ծրագրի համաձայն, նոր կառավարությունը մտադիր է արտաբյուջեներից գումարները ուղղել բյուջե՝ հետագայում ըստ անհրաժեշտության ապահովելով այդ գումարների բաշխումը այդ բյուջեներից:
Կառավարությունը նաև մտադիր է դիտարկել գնումների կամ բյուջետային այլ ծախսերի անարդյունավետության դեպքում պետությանը պատճառված վնասի հիմքով իրավական հետևանքների կիրառման և դրանք պետական բյուջե հետ վերադարձնելու մեխանիզմների ստեղծման հնարավորությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկը, ըստ կառավարության ծրագրի, կարող է լինել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը։ Կառավարությունը մտադիր է մշակել այդ հարթակի ներդրման ճանապարհային քարտեզ։
«Մինչ նոր համակարգերի ներդրումը կառավարությունը Հայաստանի օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի և կաշառակերության դեմ, այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան և կաշառակերությունը պետք է արժանանան լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռքբերած պաշտոնյաները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման», - նշված է կառավարության ծրագրում: