04/06/2018 18:40
Միքայել Շարաֆյանի ու իր ընտրյալ Նարեի հարսանիքը կկայանա ԱՄՆ-ում՝ Կոնստանտին Օրբելյանի քավորությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող դիզայներ, զգեստների նկարիչ Միքայել Շարաֆյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած նշանադրության մասին Aysor.am-ն իր ընթերցողներին առաջինն է տեղեկացրել: Դիզայների ընտրյալը հայաստանաբնակ 22-ամյա Նարեն է, ով օրերս տեղափոխվեց ԱՄՆ՝ սկիզբ դնելով իր և Միքայելի ընտանեկան կյանքին ու պատրաստվելով առաջիկա պսակադրությանը:
«Մայիսի 28-ին Նարեն տեղափոխվեց Լոս Անջելես ու արդեն մեր կողքին է: Այժմ պատրաստվում ենք հարսանյաց արարողությանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 3-ին: Ի սկզբանե որոշված էր, որ այն նշելու ենք ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով Երևանում մեր նշանադրությունը մեծ շուքով նշեցինք: Կարելի է ասել՝ դա մեր հայաստանյան հարսանիքն էր», - մեզ հետ զրույցում ժպիտով պատմեց նորափեսան:
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Շարաֆյանների ընտանիքում Նարեի գալը սպասված էր, ու բոլորը նորահարսին ուրախությամբ ընդունեցին: Ի դեպ, զույգը պսակադրվելու է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի քավորությամբ: Անդրադառնալով առաջիկա հարսանյաց հանդեսին ու սպասվող հյուրերին՝ պատասխանեց.
«Դեռևս պարզ չէ՝ կկարողանան Նարեի ծնողները ներկա լինել, թե ոչ: Եթե փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չառաջանան՝ անպայման մեր կողքին կլինեն: Մեր տոնին ներկա են գտնելու բոլոր իմ լավ ընկերները, այդ թվում են նաև հայ և հոլիվուդյան ճանաչված դեմքեր»:
Զգեստների նկարիչը խոստովանեց՝ քանի որ ժամանակի խնդիր ունի, հարսնացուի տոնական զգեստն ամբողջությամբ իր ձեռքի աշխատանքը չի լինի:
«Մի քանի օր է, ինչ Նարեն ԱՄՆ-ում է, և դեռ շատ անելիքներ ունենք: Թող լինի անակնկալ: Վերջում կտեսնենք», - նշեց նա:
Նորապսակներն ԱՄՆ-ում կբնակվեն ծնողների՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի և կոնցերտմայստեր, դաշնակահար Ռուզան Մուրադյանի հետ: Ինչպես Մ. Շարաֆյանը նկատեց՝ նախընտրում են միասնական ընտանիքը, քանի որ երկուսն էլ մեծ ընտանիքի սիրահար են:
Ի դեպ, Նարեն որոշել է շարունակել իր կրթությունը Լոս Անջելեսում, և չի բացառվում, որ այն կհամատեղի աշխատանքի հետ: Ինչ վերաբերում է հայաստանյան այցելությանը, զույգն այդ առումով դեռ ծրագրեր չի կազմում: Սակայն հնարավոր է համարում, որ հենց հաջորդ տարի լինեն Երևանում:
Դիզայներ, զգեստների նկարիչ Միքայել Շարաֆյանը իր ստեղծագործական գործունեությունը այժմ էլ շարունակում է: Համագործակցում է հոլիվուդյան և համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների ու երաժիշտների հետ:
«Վերջերս տեղի ունեցավ իմ նոր ֆիլմերից մեկի՝«Diverted Eden» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը ամերկահայ Փրինս Բաղդասարյանն է: Նաև գեղարվեստական ֆիլմում աշխատեցի Օսկարի նոմինանտ Սալլի Քրքլանդի հետ: Մեքսիկացի փոփաստղ Քրիսթիան Կաստրոյի (Դերասանուհի Վերոնիկա Կաստրոյի որդին է՝ հեղ.) երաժշտական ալբոմի կազմի դիզայներն եմ: Նաև, Դարոն Մալաքյանի նոր թողարկված «Lives» երաժշտական հոլովակի բեմական դիզայնն եմ արել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա: